Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը հրաժարվել է օգտվել «Ջիջի» տաքսի ծառայությունից այն բանից հետո, երբ ընկերության սեփականատերը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման ակտիվ աջակիցներից է, քաղաքական բնույթի գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

Խաչատուր Գրիգորյանը գրել է. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը Բաղրամյանի վրա է»:

Միսկարյանը կարծում է, որ նման վարքագիծը խոսում է տվյալ անձի արժեհամակարգի բացակայության մասին։ Ըստ նրա՝ Գրիգորյանը պետք է իմանա, որ նման հայտարարությունները կարող են ուղիղ կերպով ազդել բիզնեսի եկամուտների վրա։

«Եթե նրանից կամ նրա նման տեսակետ ունեցող անձանցից հարցնես՝ իսկ ո՞վ է կամ ի՞նչ է հայը, մի հիմար պատասխան կարող են տալ։ Այնպիսի պնդումներ են անում, որ գրագետ, զարգացած մարդը իրեն թույլ չէր տա անել։ Ազգային, էթնիկ, ռասսայական ծագմամբ, կրոնական խտրականության հողի վրա ատելության քարոզը շատ վատ բան է։ Դա արգելվում է թե՛ օրենքով, թե՛ Սահմանադրությամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Քաղաքական գործիչը նկատում է՝ եթե նմանատիպ հայտարարություն աներ անձ, որը հասարակության լայն շերտերի շրջանում չունի որևէ ազդեցություն, չէր առաջանա այն հանրային ճնշումը, որը առաջացել է։ Զրուցակցի խոսքով՝ նրանք, ովքեր ծառայում են պետությանն ու հանրային հեղինակություն են վայելում, պետք է տեղյակ լինեն, որ հասարակության համար իրենց կարծիքը կարևոր է, եթե հնչում է առանց ատելության, գրագետ և ճիշտ է ձևակերպված․ «Ես իրեն անձամբ չեմ ճանաչում, չգիտեմ, թե ում հետ կապ ունի։ Իմ կողմից ընկերության դեմ բոյկոտ հայտարարելը պայմանավորված չէ այն խոսակցություններով, որ նա կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նման վարքագիծը պետք է անպայման հետևանք ունենա»։

Միսկարյանը կրկնում է՝ ճանաչում կամ հեղինակություն ունեցող անձինք պետք է սոցիալական պատասխանատվության կրողը լինեն և նման հայտարարություն անելու իրավունք իրենց չվերապահեն։

«Այս միջադեպից հետո շատերը դադարեցին օգտվել ընկերության ծառայություններից, դա է վկայում նաև սեփականատիրոջ կողմից գրառումը հեռացնելը։ Իհարկե, չեմ կարծում, որ նա հասկացել կամ զղջացել է իր արածի համար, այլ ուղղակի գրպանին է կպել հենց իր գրառումը։ Նրանք, ովքեր նման վարք են ցուցաբերում, պետք է հասկանան, որ այդ վարքով ազդում են սեփական բիզնեսի որակի վրա, ոչ թե այն համակարգն է գործում, որ ով ինչ ասես կարող է խոսել, ու, վերջ, թեման փակվում է։ Բողոքի ակցիաները պետք է պարտադրեն, որ հանրային խոսքի նկատմամբ պատշաճ դրսևորում ցուցաբերվի»։

Զրուցակիցը նկատում է, որ օլիգարխ բիզնեսմենները այսօր ջանքեր են գործադրում՝ իրենց երբեմնի իշխանությունը վերականգնելու համար, դրա համար հաճախ շարժման շարքերից լսվում են հասարակության մի շերտին վիրավորող, պիտակավորող արտահայտություններ:

Միսկարյանը միաժամանակ ընդգծում է՝ չի բացառվում, որ Խաչատուր Գրիգորյանի վարքի պատճառը նախկինում ոլորտում ունեցած իր արտոնությունները վերականգնելն է։

«Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը նախկինում մեծ հնարավորություններ ուներ, բայց հիմա էլ Հատիսի գլխին ապօրինի արձան է կառուցում, և Կառավարությունը նպաստում է այդ ծրագրին։ Չենք կարող պնդել՝ այս քայլին գնում են իրենց նախկին՝ ավելի մեծ հնարավորությունները վերականգնելո՞ւ համար, թե՞ այլ նպատակ ու պատճառ ևս կա։ Փաստ է, որ այս իրադարձությունները, որոնք մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցան Հայաստանում, հովանավորվում են նախկին օլիգարխիկ համակարգի միջոցներով և ուղիղ մասնակցությամբ»,- ասում է նա:

Քաղաքական գործիչ շեշտում է՝ քաղաքական առողջ դաշտը պետք է հարթակ ստեղծի առողջ բանավեճերի, ոչ թե ճանապարհ բացի դեպի հայհոյանքներ ու ատելության քարոզ։

881