Ֆրանսիայում կիրակի՝ հունիսի 30-ին, կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթել են «Ազգային ճակատի» աջ պոպուլիստները՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ։ Ձայների պաշտոնական հաշվարկի համաձայն՝ կուսակցությունն ու նրա դաշնակիցները հավաքել են ձայների 33 տոկոսը։

28 տոկոսը քվեարկել է ձախերի և կանաչների նախընտրական դաշինքի՝ Նոր ժողովրդական ճակատի օգտին, իսկ քվեարկությանը մասնակցած ընտրողների 20 տոկոսը քվեարկել է նախագահ Էմանուել Մակրոնի կառավարական ճամբարի օգտին։

Երեք տարբեր սոցհարցման ընկերությունների կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 7-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով աջ պոպուլիստները կարող են հարաբերական կամ նույնիսկ բացարձակ մեծամասնություն ստանալ Ազգային ժողովում։

Խորհրդարանի 577 մանդատների բաշխումը կախված կլինի նրանից, թե արդյոք շատ թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել քվեարկության երկրորդ փուլում, օրինակ՝ կանխելու «Ազգային ճակատի» թեկնածուի հաղթանակը:

Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 60 տոկոսը՝ ամենաբարձրը վերջին տասնամյակների ընթացքում:

156