
Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը:
Այսպիսով նախագծով առաջարկվում է՝
- սահմանել, որ hարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը և ժամկետները,
- սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով,
- հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափը վերականգնել նախկին՝ 0.075 տոկոս դրույքաչափը:
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ է: Նա հարցրեց, թե սա ուժի մեջ կմտնի սեպտեմբերի՞ց և ստացավ պատասխան, որ տույժի մասով 2025 թվականի հունվարի մեկից:
«Բա մինչև հունվարի մեկը ուրիշ մեխանիզմներ չկան՞, որովհետև իրոք դա կարող է դառնալ չարաշահումների պատճառ: Այսօրվա գործող տոկոսադրույքը ըստ էության դեմոտիվացնող է հարկեր վճարելու համար, բա ի՞նչ ենք անելու»,- հարցրեց նա, և Համլետ Սահակյանը պատասխանեց, որ այս պահին բոլոր վարչական հսկողության մեխանիզմներով փորձում են ապահովել մուտքերը: