Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում. այս մասին Հադսոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին։

«Երկու երկրների համար էլ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ փակելու թշնամության էջը, փոխելու Հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը, այն վերածելու բարիդրացիության, խաղաղության և կայունության տարածաշրջանի։ Այս գործընթացը վաղուց է ընթանում։ Միջնորդության շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ 30 տարի։ Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրներն էլ որոշեցին, որ բանակցությունների վարման և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և խոստումնալից ձևաչափը երկկողմ և ուղիղ ձևաչափն է։ Այդ ժամանակից ի վեր զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ փոխվստահության հաստատման և որոշակի գործընթացների շարունակման, այդ թվում՝ դիվանագիտական աջակցության փոխանակման, որոշ կալանավորների ազատ արձակման և սահմանների սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքի մեկնարկի հարցերում»,- նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Ամիրբեկովը հավելել է, որ, նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն։

 

344