Արեւմուտքը հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին հրահրում է վարկաբեկել եւ տապալել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

 

Ինչպես հայտնում է ռուսական Ria.ru-ն, Նարիշկին ասել է, թե ունեցած տեղեկությունների համաձայն՝ արեւմտյան որոշ երկրներ եղած խողովակներով հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին հրահրում են վարկաբեկել եւ տապալել հրադադարի պայմանավորվածությունը։

 

« Հայերին փորձում են ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երեւանի պարտությունն է։ Հրապարակ է նետվում «մինչեւ հաղթական ավարտ պատերազմի» անհրաժեշտությունը։ Ադրբեջանցիներին, հակառակը, ասում են, որ Կրեմլը «նրանցից հաղթանակը գողացել» է, երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ էր հեռու Ստեփանակերտը վերցնելուց»,- նշել  Նարիշկինը:

 

Աղբյուրը գրում է նաև, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները զայրացած են այն պատճառով, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվել են Մոսկվայի միջնորդությամբ:

 

Նարիշկինի խոսքով՝ «համանման գործողությունները եւս մեկ ավելորդ անգամ վկայում են, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպացի բարեկամները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց շահերի հաշվին, այս անգամ՝ ադրբեջանցիների եւ հայերի։ Ամերիկացիներին եւ եվրոպացիներին չի մտահոգում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության եւ տարածաշրջանը ներքաշել ծանր ռազմական հակամարտության մեջ»։

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են քողարկել իրենց զայրույթը Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ադրբեջանի եւ Հայաստանի հանաձայնագրից։ ԱՄՆ-ն եւ նրանց դաշնակիցները զայրացած են, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Չէ՞ որ դա, ըստ էության, «զրոյացրել» է Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու նրանց բազմամյա աշխատանքը»,- նշել է Նարիշկինը։

Նրա խոսքով՝ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ միացյալ Եվրոպան չեն ցանկանում հաշտվել տարածաշրջանում ուժերին ստեղծված հավասարակշռության հետ։ «Այն «ապամոնտաժելու» նպատակով նրանք ոչ մի լավ բան չեն մտածել, քան նորից Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ երկպառակություն մտցնելը»,-Նարիշկինի խոսքը հաղորդում է  աղբյուրը:

1398