Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին ես էլ եմ տեղյակ եղել. նա ինձ ասել է, որ ճնշումների ներքո ինքը ստիպված է հրաժարական տալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նախգահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին:
«Մենք մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել և նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք, տեսնեք, որ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են: Ես ցիտում եմ»,- ասաց Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե ում կողմից են եղել ճնշումները:
Ինչ վերաբերում է ԼՂ լուծարման մասին փաստաթղթին, ԱԺ նախագահն ասաց. «Այդ փաստաթղթերի վերաբերյալ երբ ԼՂ այդ ժամանակի իշխանությունները որոշում են կայացնում և մեզ զանգում են ասում վերջին մի քանի ժամվա ընթացքում, որ գիտեք ինչ, սենց որոշում ենք կայացրել, և իրենք են գտնվում այդ տարածքում, ՀՀ իշխանությունները որևիցե բան այլևս անել չեն կարող: Իրենք տեղյակ են պահել արդեն ընդունված որոշման մասին:
Սա շատ կարևոր է, որ եղել է ոչ թե քննարկում. չեն զանգել ասել՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ձեր դիրքորոշումը, ո՞նց եք դուք վերաբերվում սրան, ասել են՝ սենց բան ենք որոշել: Մեր կողմից եղել է մի պահանջ, մի խնդրանք, որը կարողացել ենք առաջ տանել, որ տեքստի մեջ եղել է ՀՀ-ի հետ կապված հիշատակում, որն իրողության հետ կապ չի ունեցել, որը մենք պահանջել ենք որպես ՀՀ իշխանություն, որ դուրս գա տեքստից»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանն իր այլընտրանքն առաջարկել է. «ՀՀ-ն իր երեխաներին զոհել է այնտեղ, ՀՀ-ի պետությունը իր երեխաների, իր ժողովրդի, իր պետության բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է ԼՂ-ի գոյությունը. աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ, և ամեն ինչը գնացել է և ապահովվել է Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։