Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը դպրոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը, շտաբի պետն էր ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Հարություն Մարգարյանը։
Միջոցառմանը տեղում հետևում էին Վայոց ձորի փոխմարզպետ Ա․ Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչությունների պետերը, պաշտոնատար այլ անձինք։
Ուսումնավարժությանը ներգրավված էին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները, թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Վայոց ձոր» ԳԳՄ Եղեգնաձորի տարածքային տեղամասի և «ՀԷՑ» ՓԲԸ Եղեգնաձորի տեղամասի վթարավերականգնողական խմբերը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պարեկապահակային խումբը, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բրիգադը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզի մասնաճյուղի արագ արձագանքման թիմը:
Ուսումնավարժության նպատակն էր՝
▫️ ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ,
▫️ կատարելագործել արձագանքող ուժերի գործնական ունակությունները՝ ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ։
Ուսումնավարժության ընթացքում իրականացվեցին հետախուզության և իրավիճակի գնահատման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին օգնության ցուցաբերման և տեղափոխման, ինչպես նաև վթարավերականգնողական աշխատանքներ։
Այնուհետև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ կատարված աշխատանքների վերլուծություն և ամփոփում, որի ընթացքում վեր հանվեցին ի հայտ եկած թերությունները, տրվեցին մի շարք մասնագիտական խորհուրդներ և նախանշվեցին առաջիկա անելիքները։
Ավարտին ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի մասնակիցներին՝ դրական գնահատելով արդյունավետ համագործակցությունն ու համատեղ կատարված աշխատանքները։