Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի տեղեկույթուններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ քննիչն ու փորձաքրեագետը աշխատել են դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկութուններն են ստացվել, թե ով է ենթադրյալ կասկածյալը:
Ոստիկաններն ու պարեկները մեկնել են կասկածյալի բնակության հասցեն և կարողացել են նրան վնասազերծել ու բերման ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:
Կասկածյալը Դիլիջանի բնակիչ 56-ամյա Արամ Կ.-ն է, որն այնուհետև ոստիկանության Դիլիջանի բաժնից ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 3 միլիոն դրամի վնաս, ավտոմեքենան էլ իր որդու սեփականությունն է: