Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս տարին աննախադեպ տարի էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել՝ սկսած հատուկ ոլորտներից, ինչպիսին արդարադատությունն է: Այս համատեքստում վավերացվեցին Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրաջասթ կառույցների հետ պայմանագրերը: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ հուլիսին երկու կարևոր որոշումներ ընդունվեցին արտոնագրերի ազատականացման, ինչպես նաև եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու մասով: Առաջիկայում ավարտին կհասնի նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը:
«Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025 թվականին նախաձեռնվող աշխատանքների առումով: Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- ասաց նա:
Շարունակվում է նաև անվտանգության ոլորտում համագործակցությունը. խոսքը ԵՄ առաքելության գործունեության մասին է: Այս համատեքստում ավարտին է հասցվում Եվրամիության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելություններին Հայաստանի՝ մասնակցելու հարցը, պայմանագիրը:
2025 թվականին նախատեսվում են նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերութան համաձայնագրով նախատեսված բոլոր կանոնադրական մարմինների նիստերը՝ բարձրագույն մարմինը, գործընկերության խորհուրդը, որոնք տեղի կունենան Բրյուսելում, հավանաբար, տարվա առաջին եռամսյակում: Նախատեսվում է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստ Բրույսելում, իսկ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստերը՝ Երևանում:
«Կուզենայի նշել Հայաստան-Եվրամիություն կոնտեքստում մի կարևոր ծրագիր՝ «Դիմակայութուն և աճ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելը 4 տարվա համար, և այժմ իր վերջնականացման փուլում է նախագիծը»,- ասաց նա: