Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացին՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի, և այս թեման հնարավոր չէ շրջանցել։

Նրա խոսքով՝ անկախությունից ի վեր Հայաստանը զրկված է եղել չորս ուղղություններով տնտեսական կապեր զարգացնելու և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ գտնվելով շրջափակման պայմաններում։ Այժմ, սակայն, տարածաշրջանում ակտիվորեն ընթանում են տնտեսական, տարանցիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները։ Այս մասին Միրզոյանը հայտարարել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում։

«Ադրբեջանի տարածքով ենք կարողանում բեռներ տեղափոխել, և այդ մեծ ապաշրջափակման ծրագիրը մեծ հաշվով համընկնում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» տեսլականի և ծրագրի հետ, իսկ ԹՐԻՓ նախագիծը սրա շատ էական բաղկացուցիչ մասն է»,- ասաց նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ այժմ արդեն պետք է ստորագրենք «ԹՐԻՓ զարգացման ընկերության» բաժնետերերի միջև համաձայնագիրը և կանոնադրությունը, որով, ըստ էության, ԹՐԻՓ-ի փաստաթղթային գործընթացը կհամարենք ավարտված և կկարողանանք անցնել գետնի վրա աշխատանքին։

«Մենք շահագրգռված ենք օր առաջ տեսնել գետնի վրա աշխատանքների մեկնարկը և դրանից հետո՝ օր առաջ, ամբողջ ԹՐԻՓ նախագծերի իրականացումը և օգտագործումը։ Հիշում եք, որ ԹՐԻՓ նախագծեր ասելով՝ նկատի ունենք տարբեր ենթակառուցվածքներ, առաջին հերթին՝ երկաթուղի, էլեկտրահաղորդակցության գծեր, օպտիկական մալուխներ։ Ապագայում ցանկություն կա կողմերի միջև ունենալ գազամուղ, նավթամուղ և այլն»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նախարարը, չխորանալով թվերի մեջ, նշեց՝ ապաշրջափակումը, ենթակառուցվածքների օգտագործումը մեծ տնտեսական հնարավորություններ են բացում Հայաստանի համար, բայց նաև առկա է քաղաքական շերտ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ մեր անմիջական հարևանները, և՛ Արևմուտքում ու Արևելքում գտնվող շատ երկրներ էապես ավելի շատ են շահագրգռված լինելու մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանմամբ, տնտեսական զարգացմամբ։

«Սա, բացի տնտեսական ծրագիր լինելուց, ամրապնդում ու անդառնալի է դարձնում խաղաղությունը»,- ընդգծեց  նախարարը։

90