Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները նոյեմբերի 5-ի ժամը 23.20-ին Փամբակ գյուղում ծառայության ընթացքում նկատել են երկու երիտասարդի, որոնց մոտ որսորդական հրացաններ կային: Երիտասարդները հրացանների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել: Հրացանների օրինականությունը, ինչպես նաև զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով պարեկները երիտասարդներին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ պարզվել է, որ երկփողանի և մեկփողանի ողորկափող հրացանների օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ երիտասարդները չունեն: Նրանք բաժնում ներկայացրել են նաև 16 մմ տրամաչափի 14 փամփուշտ:
Փամբակ գյուղի բնակիչ՝ 22-ամյա, Բյուրեղավանի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին:
Նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին ծառայություն իրականացնելիս թմրանյութ պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տարել 36-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածով փաթեթ և երկու դանակ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:
Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: