
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի մատակարարման պլանային ու վթարային ընդհատումներին վերաբերող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սահմանած նոր կանոնակարգերը։ Նպատակն է՝ դրանց միջոցով բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և խստացնել մատակարարների պատասխանատվությունը սպառողների նկատմամբ:
Նոր կանոններով սահմանվել է, որ սպառողի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում քաղաքային համայնքների բնակավայրերում չպետք է գերազանցի 10 անգամը, գյուղական համայնքների բնակավայրերում 15 անգամը: ՀԷՑ-ը կարող է քաղաքային համայնքներում էլեկտրաէներգիան անջատել ոչ ավելի, քան 4 ժամը, գյուղական համայնքներում 8 ժամը, իսկ համայնքների սահմաններից դուրս՝ 12 ժամը:
ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանն Araratnews-ի հետ զրույցում նշեց, որ եթե նշված ժամկետները գերազանցվում են, սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը:
«Օրինակ, եթե Երևանում հոսանքազրկումը տևում է 4 ժամից ավելի, սպառողը կստանա մինչև 2500 դրամի փոխհատուցում, իսկ եթե ամսվա ընթացքում մեկ հասցեում էլեկտրամատակարարումը խափանվում է 10 անգամից ավելի, ապա փոխհատուցվում է մինչև 10.000 դրամ»,- պարզաբանեց Ազիզյանը:
Բացի այդ, վթարային ընդհատումների դեպքում, եթե էլեկտրամատակարարումը չի վերականգնվում կանոններով սահմանված ժամկետների կրկնակին գերազանցող ժամանակահատվածում, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորվում է վճարել տույժ՝ նույն չափով, բայց առավելագույնը 3500 դրամի սահմանում:
Ազիզյանը նաև տեղեկացրեց, որ փոխհատուցումը վճարվում է ինքնաշխատ տարբերակով, որը նշվում է անդորրագրերում, սակայն, փոխհատուցում չի տրամադրվում, եթե էլեկտրաէներգիայի ընդհատումը պայմանավորված է ֆորսմաժորային իրավիճակով:
Պատրաստեց Սիլվի Պետրոսյանը