Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին Գլխավոր դատախազությունում և նշել, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդգծել ՀՀ դատախազության և ԵԽ համապատասխան մարմինների միջև համագործակցության արդյունավետությունն ու նախանշել փոխգործակցության հեռանկարները:

Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան խորհրդաժողովները՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին անդրադառնալու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազության հետ համագործակցությունը, ի թիվս այլնի, բովանդակային առումով լավագույն  օրինակներից է:

Պատասխանելով ԵԽ բարձրաստիճան ներկայացուցչի՝ Դատախազության առաջնահերթությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտներն ու ներկայացրել այդ ուղղություններով իրականացված աշխատանքները և արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, անդրադարձել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարներին:

90