Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ 62 կողմ, 0 դեմ և 35 ձեռնպահ քվեարկությամբ։ 

Նշենք, որ, օրենքի գործող կարգավորման համաձայն, մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողների պարագայում թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության վճարը նշանակում, հաշվարկում եւ վճարում է գործատուն, որից հետո գործատուն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական միջոցներից: Այսպիսով, ստացվում է, որ պետական միջոցները վճարում են գործատուի կատարած հաշվարկների հիման վրա, ինչը բավականին ռիսկային է: Էլեկտրոնային առողջապահական համակարգը հնարավորություն է տալիս նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել պետական մարմնի միջոցով:

Այս մասին ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 11-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի նշանակումն ու վճարումը:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի եւ կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը:

Նախագծով նաեւ առաջարկվում է անաշխատունակության օրերը հաշվարկել օրացույցային ձեւաչափով, գործող կարգավորմամբ հաշվարկվում է աշխատանքային օրերի քանակով:

178