Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ ԲՏԱ նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից՝ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությամբ, մասնակցում էին 10-16 տարեկան երեխաներ Երևանի և մարզերի տարբեր դպրոցներից:

Ողջունելով միջոցառման ներկաներին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը նշել է, որ ԲՏԱ նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են համացանցում անվտանգ միջավայր ստեղծելուն և որ այս հանդիպումը նպատակ ունի լսել նաև երեխաների տեսակետն ու պատկերացումները այդ հարցի շուրջ:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն, Հեռահաղորդակցության միջազգային փորձագետ Քրիստինե Գյոնջյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ համացանցում յուրաքանչյուրը կարող է անել քայլեր, որոնք կարող են վնասել իրենց և այդ ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում, որտեղ ներգրավված կլինեն պետությունը, մասնավոր կառույցները և երեխայի ծնողը:

Այնուհետև քննարկումը տեղի է ունեցել օրակարգային երեք հարցերի շուրջ՝ Ի՞նչ ռիսկերի են բախվում երեխաները համացանցում և որո՞նք են դրանցից հրատապները: Ի՞նչ մեթոդներ կիրառել: Ո՞րն է պետության դերը:

Երեխաները քննարկման ընթացքում բարձրաձայնել են առկա խնդիրները և առաջարկել լուծումներ՝ ներկայացնելով իրենց պատկերացումներն առցանց անվտանգության ապահովման հարցում ծնողների, դպրոցի և պետության դերի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ամբողջացվել և մասնակից երեխաների կողմից ստորագրվել է խորհրդանշական մանիֆեստը՝ ուղղված Կառավարությանը:

146