
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված մասնաշենքի և վարչական շենքի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը, Պաշտպանի աշխատակազմի, նախարարության, ծառայության և հիմնարկի ներկայացուցիչները։
Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում:
«Ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն առանցքային դեր ունեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման համատեքստում: Հենց առկա պայմանների հետ կապված են հաճախ առաջանում տարատեսակ խնդիրներ, որոնք հանգեցնում են իրավունքների խախտումների։ Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները, այդ թվում՝ ապահովելով նրանց համար տարբեր ծառայությունների հասանելիությունը և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու պահանջի փաստացի իրացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը նաև նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված պարբերաբար է հարցեր բարձրացնում։ Այս համատեքստում ընդգծել է, որ ուրախալի է Արդարադատության նախարարի, ինչպես նաև իրավասու մյուս մարմինների հանձնառությունը՝ խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից։
Բացման արարողությունից հետո Անահիտ Մանասյանն ու միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկի վերանորոգված մասնաշենքերում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։