Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը:

Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է կարևոր առաքելություն` միտված առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման աշխատանքներին, մարզերում կադրերով համալրման, նպատակային ուսուցման, բժիշկների հավաստագրման, մասնագիտական ներուժի վերապատրաստման և լիցենզավորման գործընթացին:

Երկուստեք կարևորվել է այս նախաձեռնությունը, որը նպաստելու է ոլորտում առկա մարտահրավերների լուծմանը և որակյալ բուժօգնության հասանելիության ապահովմանը:
Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, բուժաշխատողների հավաստագրմանը:

Կարևորելով վերջերս առողջապահության բնագավառի բժշկական մասնագիտությունների նոր ցանկի հաստատումը, ռեզիդենտուրայի ներդրումը, ինչպես նաև մասնագիտությունների բնութագրերի մշակումը` Լենա Նանուշյանը նշել է, որ այն կնպաստի բժշկական ծառայությունների, կադրային ներուժի զարգացմանը:

Անդրադառնալով նպատակային կրթության, ժամանակավոր ուղեգրման սկզբունքին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ մարզային բուժհաստատությունները կադրերով համալրելու նպատակով իրականացվում են ծրագրեր: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխանող լիցենզավորման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ, որը նպաստելու է բուժաշխատողների մասնագիտական աճին և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը:

ԱՀԿ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու տեխնիկական աջակցություն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները` հստակեցնելով համագործակցության նոր առաջարկները:

111