
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հրադադարը կարող է Ռուսաստանին մեծ առումով ավելի ձեռնտու լինել, քանի որ ժամանակ կշահի նորից վերադասավորվելու, ուժեր կուտակելու ու կրկին հարձակում ձեռնարկելու համար։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության սառեցման հնարավորության մասին հարցին։
«Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական խնդրի կարգավորման հարցում Եվրոպան պետք է մեծ դերակատարում ունենա և՛ ֆինանսական, և՛ ռազմական առումով․ սա տեղավորվում է Թրամփի հայտարարության շրջանակներում ու մենք գիտենք, որ նույն Եվրոպայում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու նաև Գերմանիայի միջև կան քննարկումներ, որպեսզի Ուկրաինայում տեղավորվեն եվրոպական խաղաղապահ զորքեր, որոնք չեն տեղակայվի առաջնագծում, կտեղակայվեն շատ կարևոր խոշոր քաղաքներում, ստրատեգիական օբյեկտների շրջանում և դա ռեալ անվտանգության երաշխիք կլինի Ուկրաինայի համար, ու կարծես Թրամփը դեմ չէ դրան»։
Առաքելյանը կարծիք հայտնեց, որ Մակրոն-Թրամփ ասուլիսում ԱՄՆ նախագահը դրական ազդակներ ուղարկեց Ուկրաինային՝ այդ երկրի օգտակար հանածոների հետ կապված հնարավոր գործարքի շուրջ և կարող են համաձայնության գալ՝ հաշվի առնելով Զելենսկու առարկությունները․ «Մենք գիտենք նաև, որ Միացյալ Նահանգներում է գտնվում ուկրաինական պատվիրակությունը, որոնք բանակցում են այդ թեմայով․ այսինքն՝ խնդիրը գումարի չափի և թե ինչպես են օգտագործվելու այդ հանքերը ու թե դրա դիմաց նաև ինչպիսի անվտանգային երաշխիքներ է ստանալու Ուկրաինան»։
Հարցին՝ ինչ լուծում կլինի երկուստեք գրավյալ տարածքների հարցում, քաղաքագետն ասաց․ «Ես կարծում եմ փաստացի զորքերը կկանգնեն այնտեղ, որտեղ այդ պահին կլինեն՝ որոշակի փոփոխություններով, որոնք կարող են կապված լինել Կուրսկի մարզի հետ, այսինքն՝ Ուկրաինան դուրս կբերի զորքերը Կուրսկի մարզից և Ռուսաստանը դրա դիմաց ինչ-որ տարածքներից հետ կքաշի զորքերը, եթե իհարկե Մոսկվան համաձայնվի, բայց կան մեսիջներ նաև Ռուսաստանից, որ իրենք այդ տարբերակին դեմ չեն՝ եթե Ուկրաինան հետ քաշվի Կուրսկից, բայց այնուամենայնիվ խնդիրն այդպես է դրվելու, ոչ ոք չի ճանաչելու ուկրաինական տարածքների օկուպացիան․ փաստացի ֆիքսվելու է գետնի վրա իրավիճակը և գուցե լինեն դրույթներ, որոնցով Ուկրաինան կպարտավորվի, որ զենքի ուժով չի վերականգնի իր տարածքային ամբողջականությունը և բնականաբար կլինեն երաշխիքներ Եվրոպական Միության երկրների ու կարծում եմ նաև Միացյալ Նահանգների կողմից, քանի որ եթե նախաձեռնությունը ԱՄՆ-ինն է, ապա պետք է հստակ երաշխիքներ տա Կիևին»։
Խոսելով պնդումներց, թե Եվրոպայի անվտանգային ճարտարապետությունը փլուզվում է՝ հաշվի առնլով նաև Թրամփի այն հայտարարությունները, որ ԵՄ երկրներն իրենց ՀՆԱ-ից ավելի շատ միջոցներ հատկացնեն անվտանգությանը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «ԵՄ երկրներն արդեն իսկ բարձրացրել են անվտանգային ոլորտի վրա ծախսվող ՀՆԱ-ի չափը, և կարծում եմ առաջիկայում այդ չափը կհասմի մինչև 5 տոկոսի․ մենք գիտենք, որ Ֆրանսիան գրեթե հասցրել է այդ ծավալին և պետք է հաշվի առնել Մակրոնի հայտարարությունը, որ Ֆրանսիան կրկնապատկում է իր ռազմական բյուջեն։ Մենք գիտենք, որ կիրակի Գերմանիայում ընտրությունների արդյունքում քրիստոնեա-դեմոկրատները Մերցի գլխավորությամբ հաղթեցին ու նոր կառավարությունը կարծում եմ կլինի կոալիցիոն կառավարմամբ, բայց միևնույն ժամանակ այն քաղաքականությամբ, բայց Մերցի մեսիջներով․ և չնայած Հայաստանում որոշ մարդիկ ուրախացել էին, որ իբր Եվրոպան փլուզվում է, բայց Գերմանիայի նոր կառավարությունը կլինի շատ ավելի հակառուսական և շատ ավելի եվրոցենտրիկ, ու մենք գիտենք՝ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պետք է լինի անկախ ԱՄՆ-ից և առանձին անվտանգային իր քաղաքականությամբ, իսկ սա նշանակում է, որ իրականության մեջ մենք ժամանակի ընթացքում կտեսնենք Եվրոպա, որը ոչ միայն տնտեսական և քաղաքական միավոր է, այլ նաև անվտանգային, և սա չափազանց կարևոր է Հայաստանի համար, ու մարդիկ, որոնք հայտարարում են՝ իբր Եվրոպան անվտանգության սպառող է և ոչ թե արտահանող, կհամոզվեն հակառակում»։
Գեղամ Ադյան