
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Զելենսկին դիմել է Թրամփին՝ որքան հնարավոր է շուտ խաղաղության բանակցությունները սկսելու, հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն հայտնելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է այդ մասին Զելենսկու կողմից նամակ ստանալու մասին տեղեկատվությունը, այսինքն ԱՄՆ-ն կանաչ լույս է վառել այդ գործըթնացի համար և որևէ կասկած այլևս չկա, որ Զելենսկուն նստեցնելու են բանակցությունների սեղանին այն պայմաններով, որոնք թելադրելու են ԱՄՆ-ն և Ռուսաստանը։
Այլ կերպ լինել չէր կարող Սպիտակ տան օվալաձև սենյակում Ուկրաինայի նախագահի հրապարակային նվաստացման, դրանից հետո Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունն ամբողջությամբ դադարեցնելու Թրամփի որոշման արդյունքում։
Ընդ որում, որքան կարելի է հասկանալ ԱՄՆ նախագահի երեկ Կոնգրեսում ունեցած ելույթում արված հայտարարություններից և սոցիալական իր միկրոբլոգում Զելենսկու արած գրառումից, Կիևը հրաժարվել է անվտանգության երաշխիքների պահանջը որպես առաջնահերթություն, ավելի ճիշտ՝ խաղաղության բանակցություններին իր մասնակցության նախապայման համարելուց։
Ուկրաինայի կողմից, հատկապես Լոնդոնում կայացած եվրոպական երկրների հրատապ հավաքից հետո, խաղաղ բանակցություններ սկսելու խնդրանքով ԱՄՆ-ին դիմելու փաստը վկայում է երեք բան․
Ա․ Ուկրաինան իրատեսկան չի համարում իրեն բավարարող չափով անվտանգության երաշխիքների ստացումը ԵՄ-ից, Եվրոպական խոստումները համոզիչ չի համարում։ Ի դեպ բացառությամբ Մեծ Բրիտանիայի, մասամբ՝ Ֆրանսիայի և Իսպանիայի, որևէ այլ պետություն որևէ գործնական քայլ չի կատարում այդ ուղղությամբ, և հետևաբար Կիևն արդեն տեսնում է, որ ԱՄՆ-ի դադարեցվող օժանդակությանը այլընտրանք չունենալու պայմաններում հակամարտության շարունակումը անիմաստ է, անտրամաբանական, վնասակար և ամեն ուշացող օր ավելի է բարդացնելու իր բանակցային դիրքերը։
Բ․ Եվրոպան ունակ չէ կարճաժամկետ հեռանկարում ստեղծելու ինչպես Ուկրաինայի, այնպես էլ իր անվտանգության նոր համակարգ՝ չնայած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից արած այն հայտարարությանը, որ Եվրամիությունն այդ համակարգի ստեղծման համար նախատեսում է 800 մլրդ դոլար գեներացնել։ Ուկրաինան պարզապես չունի այդքան ժամանակ՝ սպասելու մինչև այդ համակարգի ստեղծումը մի պայմաններում, երբ ԱՄՆ-ն շտապեցնում է խաղաղության բանակցություններ սկսելու հարցում, իսկ Ռուսաստանը շարունակում է հարձակումը, ՈՒկրաինական զորքը դադաղ նահանջում է Դոմբասի և Լուգանսի ուղղություններով՝ կորցնելով նորանոր տարածքներ։
ԵՄ ներքին ըթնացակարգերն այնքան բարդ են, իսկ ԵՄ անդամ երկրների մեջ հակասություններն այնքան շատ ու ակնառու, որ նման պայմաններում ուղղակի հնարավոր չէ արագ լուծումների հասնելը ընդհանուր զինված ուժերի ստեղծման համար։
Գ․ Ուկրաինան կրում է ստրատեգիական պարտություն՝ համաձայնելով այս պահին իրենց ընկալմամբ կապիտուլյացիոն, իսկ իրականում ծանր (իրականում կարող է շատ ավելի վատ լինել), երկրի տարածքի մի մասի կորստի պայմաններով պատերազմի դադարեցմանը։ Ռուսաստանը տանում է ստրատեգիական հաղթանակ Թրամփի վարչակազմի օգնությամբ, քանի որ ստանում է սպասվող բանակցություններում մաքսիմալ պահանջներով հանդես գալու և արդյունքում մաքսիմալ արդյունքներ ստանալու հիանալի հնարավորություն։ Դա տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից դրսևորվող ակնհայտ և գոնե արտաքուստ տարերային թվացող շտապողականության հետևանքով։
Իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն որդեգրում են «ձեռքերը լվանալու» պիղատոսյան դիրքավորում և համակերպվում նոր անվտանգային ստատուս քվոյի հետ։ Միակ բանը, որ շահեց հյուսիսատլանտյան անվտանգության համակարգը, ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ընդգրկմամբ։
Այս ֆոնին, իհարկե, կսրվեն Զելենսկու նկատմամբ քննադատությունները՝ ԱՄՆ-ի նկատմամբ պահանջատիրական դիրքերից ի սկզբանե հանդես գալու և հարաբերությունները փչացնելու առնչությամբ՝ այն առումով որ եթե հնարավոր էր ավելի շուտ, ինչի էր պետք այս «ներկայացումը»։
Նման դեպքերում քավության նոխազ գտնելը ամենահեշտ և ինքնարդարացման ամենաընդունված տարբերակն է։ Չի բացառվում, որ Զելենսկուն փոխարինելու հարց էլ կդրվի։
Սա այն խաչն է, որ առաջնորդները կրում են իրենց կայացրած ցանկացած վճռորոշ որոշման համար։ Սկսած՝ տրամադրությունների շոշափման «պարտիայում» հաջողելու դեպքում Զելենսկուն ոչ թե քննադատելու էին, այլ հիանալու էին նրա սկզբունքայնության և ազգային շահերը պաշտպանելու կարողությամբ և հերոսացնելու էին։
Իրականում, սական, Զելենսկուն կարող էին ավելի շատ թիրախավորել, եթե սկզբում որոշակի պահանջատիրական դիրքերից հանդես չգար՝ մեղադրելով հիմնական դաշնակցի դիրքորոշման վրա ազդելու փորձ չկատարելու, պարտվողականություն և համակերպվողականություն դրսևորելու համար մի պայմաններում, երբ հակառակորդը չի դադարեցնում ռազմական գործողությունները։ Ընդ որում՝ Ուկրաինան ոչ թե դեմ էր հանդես գալիս խաղաղությանը, այլ անվտանգային երաշխիքներ էր պահանջում անգամ ծանրագույն գնով խաղաղության պայմաններին համաձայնելու համար, ինչը միանգամայն բնական պահանջ է մի իրավիճակում, երբ պատերազմի բռնկման հարցում Կիևին հիմա «պաստավկա» անողները պակաս կարևոր ներդրում չեն ունեցել՝ սկսած 2013թ․ Կիևում Եվրամայդան հրահրելուց։
Սպիտակ տան սկանդալից հետո երկար ժամանակ Կիևը չի կորցրել, ԱՄՆ-ն չէր փակել բանակցությունների դռները, իսկ ռազմաճակատում էական փոփոխություններ այս ընթացքում տեղի չեն ունեցել։ Եվ այս կարճ ժամանակն անհրաժեշտ էր Կիևին հասկանալու, որ Եվրոպան ևս ի զորու չէ ո՛չ ազդելու ԱՄՆ-ի քաղաքականության վրա, ո՛չ էլ տալու անվտանգության այն երաշխիքները, որը Կիևը ուզում էր ստանալ Վաշինգոնից։
Կարևոր բացթողումն ու դիվանագիտական կորուստը, իհարկե, ԱՄՆ-ի կողմից ռազմօգնության դադարեցումն էր, բայց արդեն ակնհայտ է, որ դա Վաշինգտոնը կարող էր անել բանակցությունների ցանկացած փուլում, եթե Ուկրաինան անգամ չնչին առարկություն ներկայացներ։
Չնայած ջրերը զուլալվելու այս պրոցեսին՝ մի քանի առանցքային հարցեր մնում են բաց, և թվում է, որ անգամ այսքանով Ուկրաինայի դժբախտությունները չեն ավարտվելու։
Ա․ Արդյո՞ք Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ սկանդալով ընդհատված երկխոսությունն սկսելուց հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռազմական օգնությունը։ Թվում է՝ ոչ, որովհետև Վաշինգոտոնում հասկացան, որ այդ մտրակն ամենաշուտը «խելքի բերեց» Զելենսկուն, և դա շարունակելու են օգտագործել նրան կապանքների մեջ պահելու և մանևրի հնարավորություններից զրկելու համար։ Այդ կերպ ԱՄՆ-ն նաև ազդակ է փոխանցելու Մոսկվային, թե որքան վճռական է տրամադրված Ուկրաինային խաղաղություն պարտադրելու՝ Մոսկվային թերևս տված խոստման կատարման հարցում։ Մյուս կողմից, իհարկե, Թրքամփի այս վարչակազմից ամեն ինչ սպասելի է։
Բ․ Արդյո՞ք Ռուսաստանը համաձայնելու է բանակցություններն սկսել հրադադարի պայմաններում, թե,՞ ինչպես հայտարարել է, այն չի դադարեցնելու քանի դեռ վերջնական համաձայնությունը ձեռք չի բերվել։ Ոչ մի խելամիտ բանակցող չի կարող հրաժարվել հրացանի փողը մյուս կողմի գլխին պահած վիճակում բանակցություններից, եթե մյուս կողմի «դաշնակիցը» առանձնապես դեմ չէ դրան, ավելին, պատրաստ է բավարարել իր բոլոր կապրիզները՝ միայն թե վաստակի դարի խաղաղարարի դափնիները։ Եթե ԱՄՆ-ն չի վերականգնելու ռազմական օգնությունը Կիևին, Ռուսաստանի ինչի՞ն է պետք արագ խաղաղություն կնքել, քանի դեռ իր զորքերն առաջ են շարժվում և քանի դեռ հնարավոր է Ուկրաինային բանակցություններով պարտադրել զորքերը ետ քաշել մինչև Դոնբասի, Լուգանսի, Ժապորոժիեյի վարչական սահմանները և դուրս գալ Կուրսկի մարզից։ Նման պայմաններում գործընթացի արհեստական ձգձգումը գուցե ավելի նախընտրելի դառնա։
Գ․ Արդյո՞ք Եվրոպական երկրների որևէ զինվոր կամ ՄԱԿ-ի խաղաղարարական զորքերի որևէ զինվոր կտեղակայվի շփման գծում, այսինքն որևէ գործնական երաշխիք կստեղծվի Ուկրաինայի համար՝ հետագա ագրեսիաներից խուսափելու համար։ Անգամ Ուկրաինայի թեիկունք (առաջնագծից հեռու) զինված կոնտիգենտ տեղակայելու համարձակությունը եվրոպական երկրները չեն դրսևորում, էլ ուր մնաց՝ շփման գիծ։
Եվ Մոսկվան էլ, վայելելով հաղթանակի համը, ինչու՞ պետք է համաձայնի դրան, եթե, օրինակ, կարող է որպես այլընտրանք, առաջարկել շփման գծի ողջ երկայնքով անվտանգության բուֆերային, նեյտրալ գոտի ստեղծել։
Դ․ Արդյո՞ք հյուսիսատլանտյան անվտանգության համակարգը, այն առաքելությամբ, որով գործել է նախորդ 76 տարիներին, շարունակելու է գոյություն ունենալ, թե ոչ։ Բովանդակային կամ ավելի ճիշտ իր խորհրդանշական իմաստով այն հիմա արդեն գոյություն չունի։
Այնպես որ հնարավոր բանակցային գործընթացի մեկնարկը ոչ թե հարցերի պատասխաններ է տալու, այլ նոր հարցեր է առաջացնում, որոնց պատասխաններից է իրականում կախված, թե որքանով է այս հակամարտությունը հասնում իր վերջնական հանգրվանին։
Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։