Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները համագործակցության նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու և խորացնելու նպատակով շարունակվում են:

Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա Ամիդի հետ, քննարկվել են 2024 թվականին Հայաստանում ոլորտային սկսնակ ընկերությունների համար համատեղ իրականացված միջազգային աքսելերացիոն ծրագրի արդյունքներն ու այն հնարավորությունները՝ բարձրակարգ մենթորություն, ներդրումային հնարավորություններ և գլոբալ շուկաներին հասանելիություն, որ ստացել են հայկական ընկերությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկարաժամկետ համագործակցության հնարավորություններին:

Նախարարի տեղակալն այցելել է նաև Ֆրանսիայում հիմնված գլոբալ նորարարական և ինժեներական խորհրդատվական «Capgemini Engineering» ընկերության տաղավար: Ռուբեն Սիմոնյանին հյուրընկալել են կազմակերպության Թվային ճարտարագիտության և արտադրության գլխավոր պատասխանատու Նիկոլաս Ռուսսոն և Տեխնոլոգիական շուկայավարման գլոբալ տնօրեն Ռալֆ Բասը:

Ռալֆ Բասի ուղեկցությամբ Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել ընկերության տաղավարում, նրան ներկայացվել են կազմակերպության տեխնոլոգիական լուծումները, քննարկվել են կազմակերպության՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությունները:

Սիմոնյանն այցելել է նաև «Huawei» ընկերության տաղավար: Ընկերության Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում բազմակողմ գործողությունների գծով փոխնախագահ Վան Ցինի գլխավորթյամբ տաղավարում իրականացվել է շրջայց: Ներկայացվել են ընկերության կողմից նվաճված տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ձեռքբերումները, քննարկվել է դրանց հնարավոր իրականացումը Հայաստանում:

Օրն ամփոփվել է «Harman International Industries» կազմակերպության տաղավար կատարված այցով: Տեղի է ունեցել հանդիպում ընկերության ավտոմոբիլային բաժնի կապի գծով ավագ փոխնախագահ Պասկալ Պեգյուրեի հետ, քննարկվել են առկա համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:

114