
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Araratnews-ի հարցազրույցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ
- Պարոն Պետրոսյան, Հայաստանն Ադրբեջանից ստացել էր խաղաղության պայմանագրի հերթական առաջարկները, որոնք ըստ էության վերաբերում են դիտորդների ներկայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը․ արդյո՞ք պաշտոնական Երևանի դիրքորոշումը ինչ-որ կերպ կփոխվի պատասխանում և կարող ենք ակնկալել առաջընթաց։
- Դատելով հրապարակային հայտարարություններից՝ չեմ կարող ասել, որ Հայաստանի դիրքորոշման մեջ ինչ-որ բան է փոխվելու և նաև դատելով հրապարակային տեղեկատվությունից՝ չեմ կարող ասել նաև, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ ինչ-որ բան է փոխվել և հետևաբար հաշվի առնելով այն գլոբալ իրավիճակը, որ աշխարհում կա և տարածաշրջանային իրավիճակը՝ այս պահին ակնկալել ինչ-որ լուրջ բովանդակային տեղաշարժեր հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ այդքան էլ ճիշտ չի լինի։ Ակնհայտ է, որ այս պահին Ադրբեջանում ակնդետ կերպով հետևում են Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքականությանը և քանի դեռ կան որոշակի անորոշություններ և ոչ հստակ կանխատեսումներ հետագա զարգացումների մասով՝ Ադրբեջանը այս պահին չի գնա կտրուկ փոփոխությունների իր դիրքորոշման մեջ և կպահպանի Հայաստանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը՝ առավելագույնս անզիջում դիրքորոշումը, իհարկե հետ ուղղությամբ փորձելով կոնսոլիդացնել նաև Թուրքիայի հնարավորություններն ու ջանքերը։
- Տարբեր, հատկապես ընդդիմադիր շրջանակներ պնդում են, որ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից հեռանալը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ն հետ է վերցնելու միջազգային հայցերը։
- Գուցե տրամաբանություն կա, բայց մենք Կիրակոսյանի գրառումը եթե հիմք ընդունենք և կառավարության տարածած հաղորդագրությունը, ապա Ձեր նշած կարծիքները գուցե զուտ ենթադրություններ են։
- Այսինքն՝ սահմանազատման հարցում այնուամենայնիվ տեսնում ենք առաջընթաց, որովհետև Տավուշից պետք է շարունակվի, բայց պայմանագրի կնքումը կշարունակվի ձգձգվել։
- Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը մի քանի ուղղություն է ենթադրում․ մենք տեսնում ենք առաջընթաց միայն այն ուղղություններով, որտեղ Ադրբեջանը ունի միակողմանի ակնկալիքներ և շահեր, այսինքն՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը ծառայեցնում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու նպատակով, նույնը նաև ուրեմն ապաշրջափակման հետ կապված։ Այսինքն՝ Հայաստանի առավելագույն կառուցողականությանը Ադրբեջանը շարունակում է պատասխանել դարձյալ նույն անզիջում միջանցքային պահանջների վրա հիմնված դիրքորոշմամբ․ սահմանազատման հարցում, կրկնում եմ, քանի որ կան որոշակի ակնկալիքներ, միակողմանի կերպով ուրեմն այդ այսպես կոչված՝ անկլավային գյուղերը վերադարձելու առումով, դրա համար մենք այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի տեղաշարժեր։
- Վարչապետի՝ իրանական պետական հեռուստատեսությանը տրված հարցազրույցի հիմնական ուղերձը կարծես այն էր, որ Հայաստանի Արևմուտքին մերձենալը որևէ կերպ չի խոչընդոտել Իրանի հետ հարաբերություններին և հակառակը՝ Երևանը փորձելու է նաև ճանապարհ հարթել Իրանի համար դեպի Եվրամիություն։
- Այդ հարցազրույցում հնչեցված թեզերը վերահաստատում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Իրանի հետ հարաբերությունների մասով և իհարկե արևմտյան դերակատարների հետ համագործակցությունը կամ ցանկացած դերակատարի հետ համագործակցություն չի կարող դեմ լինել Հայաստան-Իրան հարաբերությունների շահերին․ այսինքն՝ սա հերթական հնարավորությունն էր իրանական լսարանի համար Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները թե Իրանի հետ հարաբերությունների, թե տարածաշրջանային խնդիրների մասով, թե Հայաստանի արտաքին քաղաքականության, թե Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման մասով վերահաստատելու։
- Այս իրավիճակում, երբ Եվրոպան կորցրել է ԱՄՆ աջակցությունը՝ կարող ենք ենթադրել, որ Եվրամիությունը Թուրքիայի աջակցության կարիքն ունի․ կարող ենք ենթադրել, որ Անկարայի դերը գնալով մեծանում է գլոբալ ու տարածաշրջանային տեսանկյունից։
- Այսպես կոչված «ժողովրդավարական աշխարհում» ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններում նկատվում է խզում և Եվրամիությունը փորձում է արդեն աշխարհում վերադիրքավորվել որպես ինքնուրույն խաղացող՝ բնականաբար այդ համատեքստում Թուրքիայի դերը որպես առանձին ուժային կենտրոն ընդգծվում է, այսինքն՝ եթե նախկինում մենք միասնական Արևմուտք էինք ասում թեկուզ պայմանական կերպով, հիմա այդ Արևմուտքը չկա․ կա առանձին ԱՄՆ, Կանադա, ԵՄ և տեսնում ենք, որ այս ուժային կենտրոնում տեղի է ունենում տրոհում և հետևաբար եթե այդ համատեքստում ենք նայում՝ տեսնում ենք նոր ուժային կենտրոն՝ ի դեմս Թուրքիայի, որովհետև նախկինում նույն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները թույլ էին տալիս Թուրքիային դիտարկել ընդհանուր կոնցեպտում և առանձին ինքնուրույն կենտրոն որպես այդպիսին՝ չէր դիտարկվում, բայց ներկայում բնականաբար արդեն ինքնըստինքյան Թուրքիան դառնում է Եվրասիայում ուժային առանձին կենտրոն, ընդ որում Եվրամիության, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ կարծես թե նույն շարքում է՝ իհարկե ավելի զիջող հնարավորություններով, որոնք հավակնություն ունեն ավելի գլոբալ խաղերում ավելի մեծ ազդեցություն ունենալ։
- Այնուամենայնիվ, Թուրքիայի դիրքավորումը ինչպիսի՞ն կլինի․ Անկարան մասնակցում է Ուկրաինային աջակցելու ԵՄ գագաթնաժողովներին, հայտարարում, որ պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա։
- Քանի որ կա հնարավորություն այս հակամարտության վրա խաղալու և իր դիրքերն ուժեղացնելու, բնականաբար, Թուրքիան օգտվում է դրանից և այստեղ հաշվի առնելով նախկինում օրինակ՝ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, գուցե հնարավոր լինի այդ սակարկություններում որոշակի փոխզիջման՝ որպես միջնորդ կամ բարի ծառայություններ առաջարկող երկիր, կամ խաղաղապահներ տրամադրող երկիր՝ իր դերակատարումն ավելին լինի ՌԴ-ի կամ ԵՄ երկրների համար, որոնք ևս առաջարկում են հակամարտության գոտում զինված ուժեր տեղակայել։
- Մակրոնի վերջին հայտարարություններից հետո Մոսկվա-Փարիզ հարաբերություններն ավելի են լարվել, այս առումով Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի, մանևրելու հնարավորությունը կարծես թե ավելի է նվազել։
- Մակրոնի քաղաքականությունը, քայլերը, հայտարարությունները միտված են Եվրոպան առանձին որպես ուժային կենտրոն ամրապնդելուն եւ որպես այդպիսին բնականաբար այն պահին, երբ որ կարծես թե Միացյալ Նահանգները ունի հստակ դիրքորոշում ուկրաինական հակամարտության մասով եւ շարունակում է ճնշումները Ուկրաինայի նկատմամբ։ Այստեղ փաստացի Ֆրանսիայի ջանքերը և Ֆրանսիայի ու նաև Բրիտանիայի քաղաքականության արդյունքում է, որ Եվրոպան վերադիրքավորվում է որպես առանձին ինքնուրույն ուժային կենտրոն, որը, անկախ այլ դերակատարների դիրքորոշումից, ունի հստակ դիրքորոշում Ուկրաինային աջակցելու և եթե քննարկվի այնպիսի գործարք, որը չբխի, որն ամբողջովին անտեսի Ուկրաինայի և հետևաբար նաև Եվրամիության շահերը, Եվրամիությունը ինքը կարող է շարունակել միակողմանի աջակցությունը Ուկրաինային և դրանով իսկ երկարաձգել հակամարտությունը պատերազմին։
Հայաստանի մասով բան չեմ կարող ասել, որովհետև Հայաստանն էլ, ինչպես տարածաշրջանային մյուս երկրները, և այս պահին ոչ միջազգային առաջնային օրակարգում գտնվող դերակատարները մեծ հաշվով հետևում են պրոցեսներին և ուրեմն փորձում են հասկանալ, թե ինչպես կգնան գլոբալ զարգացումները, որովհետև դրանք ուղիղ ազդեցություն են ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա, այսինքն՝ Մակրոնի հայտարարությունները և դիրքավորումը, որպես այդպիսին, ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա, քանի դեռ, հիշեցնում եմ, առաջիկայում օրակարգային խնդիրը ուկրաինական հակամարտությունը որոշակի հանգուցալուծման ուրվագծեր չի ընդունել։
Հիմա Հայաստանն էլ, ինչպես մյուս երկրները, ինչպես արդեն նշեցի, պետք է հետևի գլոբալ զարգացումներին՝ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան կարգավորմանը, ուկրաինական հակամարտության հետագա դինամիկային և ըստ այդմ էլ պլանավորի, ծրագրի իր քաղաքականությունը, որովհետև այնումենայնիվ միանշանակ է, որ օրինակ՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը և լարվածության աճը այս պահին դրական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի համար։
- Հետաքրքիր է, որ Եվրամիությունը քննարկում է Հայաստանին Խաղաղության հիմնադրամից եւս 10 միլիոն հատկացնելու հարցը։
- Այսինքն՝ այն բոլոր ուղղություններով, որտեղ որ 2022 թվականից այս կողմ Միացյալ Նահանգների հետ հավաքական Արևմուտքը ակտիվ դերակատարում է ունեցել, այդ բոլոր ուղղություններում մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը շարունակում է աշխատանքը, անկախ նրանից, թե ինչպիսին է Միացյալ Նահանգների քաղաքականությունը, այսինքն դա աջակցություն է Ուկրաինային, դա աջակցություն է Հայաստանին, դա աջակցություն է Մոլդովային և այս ուղղությամբ, բնականաբար, Եվրոպական Միությունը փորձելու է պահպանել նախորդ քաղաքականությունը։
- ԱՄՆ-ն արդյո՞ք սառեցված կպահի Հայաստանի հետ պայմանավորվածությունը. սահմանային խումբ պետք է ուղարկվեր, որը Բայդենի վարչակազմի հետ է համաձայնեցվել։
Հայաստանի հետ հարաբերությունները, դատելով գոնե Միացյալ Նահանգների հրապարակային քաղաքականությունից, այս պահին առաջնահերթություն չի ներկայացնում և հաշվի առնելով այն օրակարգային խնդիրները, որ այս պահին ունի Միացյալ Նահանգները և հետևողական գնում է դրանց հետևից, դրանց բազմազանությունը, դրանց ծավալը ենթադրում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգը գուցե դեռևս ձգձգվի, բայց կախված է նաև Հայաստանի ակտիվությունից, այսինքն՝ մեր դեսպանությունը, Կառավարությունը ԱՄՆ դեսպանության և Վաշինգտոնի գործընկերների հետ աշխատանքում պետք է փորձեն օրակարգ բերել, որը վստահաբար կլինի․ ինչ-որ մի պահի այդ խնդիրները կվերադառնան օրակարգ, բայց դա դժվար է ասել, թե երբ կլինի, ինչը պայմանավորված է մեր ակտիվությամբ։
Գեղամ Ադյան