Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։ Միջոցառմանը հրավիրված են շարժման մասնակիցները, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ 

Շարժման շրջանակում արդեն տեղի է ունեցել 19 հանդիպում Հայաստանի տարբեր համայնքներում, որոնց մասնակիցները բազմիցս բարձրաձայնել էին ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ուստի բանախոսությունների շարք սկսելու գաղափարը վաղուց հասունացել էր։

Տիկին Աննա Հակոբյանը ոգեշնչվել է «ԹԵԴ Թոք»-երի միջազգային լավագույն փորձով (TED-formatted talks), որոնց ձևաչափով էլ Հայաստանում ստեղծվում է կրթական նոր, ոչ ֆորմալ հարթակ: Վերջինս միտված է  հնարավորություն տալ հասարակության լայն շերտերին ընդլայնելու իրենց գիտելիքները, բացահայտելու նոր մտքեր և խորացնելու պատկերացումները ամենատարբեր թեմաների շուրջ։ «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի շրջանակում տիկին Աննա Հակոբյանը պլանավորում է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Բանախոսությունները լինելու են շարունակական, հանրության համար` բաց, և ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ՝ գիտությունից մինչև արվեստ, տնտեսությունից մինչև փիլիսոփայություն։ Նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել,  կիսվել գաղափարներով և ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնազարգացմանն ու ընդհանրապես՝ գիտակցված հասարակության ձևավորմանը։

370