Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատում ենք «Հաղթանակ» զբոսայգու ուրվագիծը մշակելու ուղղությամբ: Այս պահին ուսումնասիրվում են տարածքի գույքն ու կարգավիճակը։ Այդ մասին, այսօր՝ մարտի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը՝ ներկայացնելով «Հաղթանակ» զբոսայգու արդիականացման ծրագրի ընթացքը։

«Գույքագրումն ավարտելուց հետո կունենանք ամբողջական տեղեկատվություն այն ուրվագծի վերաբերյալ, որի շրջանակում հնարավոր կլինի իրականացնել հայեցակարգը»,- ասաց քաղաքապետի խորհրդականը՝ հավելելով, որ դրանից հետո համայնքը կարող է ձեռնամուխ լինել օրենքով վերապահված գործառույթների իրականացմանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ «Հաղթանակ» զբոսայգու կառուցման և վերականգնման ծրագիրը առաջնահերթությունների թվում է. «Հաղթանակ» զբոսայգին երկար տարիներ ոչ այնքան բարվոք վիճակում է, և մեզ պետք է ստանալ ամբողջական, նորարարական առաջարկություններ, որոնք պետք է ընտրենք նաև մրցութային կարգով»,- ասաց Ավինյանը և հանձնարարեց գույքագրման ամփոփումն իրականացնել երկու շաբաթվա ընթացքում և զեկուցել արդյունքների մասին:

123