
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Forbes-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 39-րդ համաշխարհային վարկանիշը: Առաջին անգամ այն միանգամից համալրվել է 247 նոր անդամով: Այսպիսով, մոլորակի ամենահարուստ մարդկանց թիվը 2025 թվականին հասել է 3028-ի՝ սահմանելով նոր ռեկորդ: Համեմատության համար՝ 2024 թվականին աշխարհում հաշվվել էր 2781 միլիարդատեր:
Այս տարի վարկանիշը գլխավորել է Իլոն Մասկը: Tesla ընկերության խոշորագույն բաժնետերը 2022 թվականից ի վեր առաջին անգամ է զբաղեցնում առաջին հորիզոնականը: Նա այն 1422 մարդկանց թվում է, որոնց կարողությունն այս տարի ավելացել է: Եվս 698 միլիարդատերերի կարողությունը նվազել է, սակայն ոչ այնքան, որ նրանք դուրս մնան ցուցակից:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մարկ Ցուկերբերգը՝ Meta ընկերության համասեփականատերը, որին պատկանում է Facebook-ը: Երրորդ տեղում Amazon ինտերնետ-խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, իսկ չորրորդում՝ Լարի Էլիսոնը՝ ծրագրային ապահովման արտադրող Oracle-ի հիմնադիրը, որի առաջին հաճախորդը 1977 թվականին եղել է ԿՀՎ-ն: Անցյալ տարի ցուցակը գլխավորած Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բեռնար Առնոն այս անգամ զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Հատկանշական է, որ ցուցակում ընդգրկված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է ռեկորդային 16,1 տրիլիոն դոլար՝ 2 տրիլիոն դոլարով ավելի, քան նախորդ տարի: Այս գումարը գերազանցում է ցանկացած երկրի ՀՆԱ-ն, բացի ԱՄՆ-ից և Չինաստանից: Միլիարդատերերի միջին կարողությունն այժմ կազմում է 5,3 միլիարդ դոլար՝ 2024 թվականի համեմատ աճելով 200 միլիոն դոլարով: