Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համացանցում է հայտնվել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:

«Անկախ դիտորդը» հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է ձայնագրությանը՝ նշելով, որ դրանում հնչած հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահները։

997