
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:
Քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի վերաբերյալ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այս հարցը պետք է քվեարկել առանձին:
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նախագծի նպատակը փուլային եղանակով և գործող օրենսդրությամբ սահմանված ձևով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ, հայտարարագրեր ներկայացնելու համընդհանուր պահանջի չեղարկումն է, որը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսակետից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք:
Ըստ Ավետիսյանի՝ այն քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք:
Հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը հայտնեց՝ քննարկման արդյունքում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:
«Մինչ այժմ 12 հազարից ավելի քաղաքացի այս համակարգի շնորհիվ ստացել է սոցիալական կրեդիտների վերադարձ՝ միջինը մեկ անձին ընկնող 92 հազար դրամով, բացի դրանից՝ Կառավարության հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի հայտարարագրումը պարզեցվի մինչև այո-ի կամ ոչ-ի մակարդակի, որպեսզի քաղաքացին այդկերպ հնարավորություն ունենա իրագործել իր հայտարարագրումը: Հետևաբար, նախագիծը չի բխում հայտարարագրման մշակույթի շահերից»,- հայտարարեց Ղահրամանյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել նախագծին:
Վարման կարգով ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտարարեց՝ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ վարման կարգով ելույթում նշեց՝ այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ:
Այնուհետև 20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որից հետո քվեարկության դրվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ութերորդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «27 կողմ, 59 դեմ, 1 ձեռնպահ. որոշումը չի ընդունվել»: