
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը»։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած իր ուղերձում, որի մասին փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող « Ագոս» թերթը։
Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։
«Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
«Մենք, որ դարեր շարունակ ապրել ենք միասին այս հայրենիքում, այսօր էլ, ինչպես անցյալում, շարունակում ենք կիսել ուրախություններն ու տխրությունները։
Ինչ պատճառ էլ, որ լինի, մենք երբեք թույլ չենք տվել, որ մեր որևէ քաղաքացի խտրականության ենթարկվի, մեկուսացվի կամ օտարվի, և մենք երբեք թույլ չենք տա, որ դա կրկնվի։
Մեր երկրի մշակույթին, արվեստին, քաղաքականությանը, տնտեսությանը, կրթությանը և հասարակական կյանքին արժեքավոր ներդրում ունեցող մեր հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը կշարունակի մնալ մեր առաջնահերթությունը, ինչպես որ մեր մյուս բոլոր քաղաքացիների համար է»,- ասել է Էրդողանը։
Նա շեշտել է, որ ևս մեկ անգամ վերահաստատում է, թե անկեղծորեն կիսում է անցյալում հայ համայնքի կողմից ապրված ցավը և հարգանքով հիշում Օսմանյան կայսրության զոհված քաղաքացիներին։