
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մնում է բարձր մակարդակի․ սրա ֆոնին Նյու Դելիի կառավարությունը չորեքշաբթի՝ ապրիլի 30-ի երեկոյան, որոշել է ամբողջությամբ փակել օդային տարածքը պակիստանյան ավիաընկերությունների համար։ Հնդկաստանի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ձեռնարկված միջոցառումը պատասխան է Պակիստանի կողմից ավելի վաղ ընդունված նմանատիպ արգելքին։
Արգելքն ուժի մեջ է մտնում անմիջապես և ուժի մեջ կմնա մինչև մայիսի 23-ը, ասվում է հայտարարության մեջ․ այս մասին փոխանցում է Araratnews.am-ը՝ հղում անելով DW-ին։
Իսլամաբադի կառավարությունը իր հերթին մեղադրել էր Նյու Դելիին իր տարածքում «հաջորդ 24-36 ժամվա ընթացքում» ռազմական հարված նախապատրաստելու մեջ՝ հղում անելով «հավաստի հետախուզական տվյալներին»։
Նա ասել է, որ վիճելի Քաշմիրի շրջանի հնդկական մասում գտնվող Պահալգամ զբոսաշրջային քաղաքում վերջերս տեղի ունեցած զինված հարձակումը կօգտագործվի որպես «կեղծ պատրվակ» հարձակման համար։
Հնդկաստանը նախկինում հայտարարել էր 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրից դուրս գալու մասին, որը կարգավորում է գետից ջրի բաշխումը, ինչպես նաև չեղարկել էր պակիստանցիների համար վիզաները և կոչ արել իր քաղաքացիներին լքել հարևան երկիրը։ Արդյունքում, գրեթե 800 պակիստանցի քաղաքացի լքել է Հնդկաստանը, իսկ մոտ 1500 հնդիկ վերադարձել տուն։
Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվեց անցյալ շաբաթ, երբ ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքում զինյալ խմբավորման կողմից իրականացված հարձակման հետևանքով 26 մարդ զոհվեց։