Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի և երկրի զինված ուժերի հրամանատարների հետ: Հանդիպումը գումարվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի Փահալգամում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների ֆոնին, հաղորդում է The Hindustan Times-ը։

Ավելի ուշ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի կառավարության հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում և վստահություն հայտնել երկրի զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Վարչապետը նշել է, որ զինված ուժերի հրամանատարությունն ունի «լիակատար ազատություն՝ որոշելու մեթոդները, նպատակներն ու ժամկետները»` Հնդկաստանի անվտանգության սպառնալիքին արձագանքելու համար։

Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանազատման գծի երկայնքով՝ Քաշմիրում, երկու կողմի զորքերի միջև հրաձգությունները շարունակվում են:

Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլահ Թարարմը՝ հղում անելով «հավաստի հետախուզական տվյալներին», հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական հարված հասցնել Պակիստանին «հաջորդ 24-36 ժամվա ընթացքում»՝ Փահալգամում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը օգտագործելով որպես, նախարարի բնորոշմամբ, «կեղծ պատրվակ»` հարձակման համար։

97