
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց, սակայն որոշակի պայմաններով։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հինգշաբթի՝ մայիսի 15-ին, հայտնել է NBC News-ը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր քաղաքական և ռազմական խորհրդական Ալի Շամխանիին։
Շամխանին ասել է, որ Իրանը պատրաստ է պարտավորվել երբեք չարտադրել միջուկային զենք և վերացնել իր բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության մեջ։ Այնուամենայնիվ, նա կշարունակի ուրանը հարստացնել մինչև քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակները։ Թեհրանը միջազգային տեսուչներին թույլ կտա վերահսկել այս գործընթացը՝ Իրանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դիմաց։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, մայիսի 13-ին, The New York Times-ը (NYT), հղում անելով իրանական աղբյուրներին, հաղորդել էր, որ Թեհրանն առաջարկել է ստեղծել ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն՝ արաբական երկրների և Միացյալ Նահանգների ներդրումներով, որպես այլընտրանք Վաշինգտոնի կողմից իր միջուկային ծրագիրը կրճատելու պահանջին։