Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության՝ մայիսի 22-ի նիստին ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց Մթնոլորտային օդի պահպանության՝ 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախարարը նախ հիշեցրեց նախորդիվ կատարված աշխատանքը. 2022 թվականին էր մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքը լրամշակվել, իսկ 2022-ի դեկտեմբերին ԵՄ դիրեկտիվներին համապատասխան օրենք էր ընդունվել, և օրենսդրությունը մոտարկվել էր ԵՄ կանոնակարգերին: 2023-ին Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալությունը ուսումնասիրություն էր արել, և մթնոլորտային օդի պահպանության կարողությունների զարգացման հայեցակարգ էր մշակվել, ինչի արդյունքում էլ այսօր որոշման նախագիծ է բերվել Կառավարություն: 2022 թվականին նաև 2 դիտակայան էր ձեռք բերվել բյուջետային ֆինանսավորմամբ, որոնք այժմ մայրաքաղաքում տեղադրման փուլում են:

«Ըստ այս նախագծի՝ առաջիկա 5 տարիներին Հայաստանում պետք է օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք բերենք, որոնցից 2-ն արդեն ձեռք է բերվել: Երևանում անհրաժեշտ է 6 դիտակայան, որից 2-ն ունենք, 3-ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք: Հույս ունեմ՝ 2026 թվականի սկզբին ևս 3-ը ձեռք կբերենք Երևանի համար, կմնա 1-ը:

Հանրապետության մյուս մասերի համար դեռ 8 դիտակայան պետք է ձեռք բերենք: Նաև 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերենք, որն արտակարգ դրության դեպքում պետք է տեղակայվի տվյալ հատվածում, և մոնիթորինգ իրականացվի:

Նաև պետք է քիմիական լաբորատորիայի վերազինում իրականացնենք, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների մասով ավելի ճշգրիտ տվյալներ կարող ենք ձեռք բերել:

Միջոցառումների հաջորդ գործողությունը ռեֆերենս լաբորատորիաների հիմնումն է, որը հնարավորություն կտա մոնիթորինգի համակարգի գործիքների ճշգրտությունը հասկանալ: Մենք հիմա գիտենք, որ, օրինակ, Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ տարբեր միջոցներով տվյալներ եք ստանում, որոնք գործածության մեջ անգամ միջազգային ստանդարտներով հաստատված չեն, բայց ամեն դեպքում, նման լաբորատորիան մեզ նաև կօգնի այս սարքերի և մեր ձեռք բերված սարքերի շարունակական ճշգրտությունն ապահովել»,- ասաց նախարարը:

Սիմիդյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստում են օրենսդրական նախաձեռնություններ, ինչի արդյունքում շինհրապարակներում և հանքարդյունաբերության տնտեսվարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորումը կիրականացվի ճշգրիտ սարքերով: Տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել այդ սարքերը:

Նախատեսվում են նաև վարչարարության որոշակի խստացումներ, Երևանում կանաչ տարածքների ընդլայնում: Այս պահին անհրաժեշտություն կա, որ Երևանում շուրջ 41 հեկտար նոր կանաչ տարածքներ հիմնվեն:

«Համոզված եմ, որ միջոցառումների արդյունքում Հայաստանում կունենանք օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ, ճշգրիտ տվյալներ, որի շրջանակում էլ քաղաքացիների առողջության վերաբերյալ մեր քաղաքականության մշակումն ավելի լավը կդառնա»,- ասաց նա:

96