Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ երկու տարի առաջ Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ն աջակիցների և գաղափարակիցների հետ միասին նախաձեռնել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։

Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից:

2025 թվականի հունիսի 4-ին տեղի է ունեցել նոր 13-րդ հենակետի բացման արարողությունը։

«Միջոցառմանը մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, մարզային և համայնքային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Խորհրդային տարիների անասնաբուժարանի կիսաքանդ շենքը վերածվել է բարեկարգ և ժամանակակից հրշեջ-փրկարարական հենակետի՝ Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրի դրամաշնորհային աջակցության շնորհիվ։ Այստեղ հերթապահություն կկազմակերպեն Մեղրաձորի կամավոր հրշեջ-փրկարարները՝ աջակցելով ինչպես համայնքին, այնպես էլ շրջակա բնակավայրերի հրշեջ-փրկարարական խմբերին։

Հենակետի կառուցման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել են կամավորների վերապատրաստում և որակավորման քննություններ։
Հենակետի գործարկմանը ներդրում են ունեցել Կոտայքի մարզպետարանը, Ծաղկաձոր համայնքը, ինչպես նաև Ավստրիական զարգացման գործակալությունը, Ավստրիական ու Հայկական Կարմիր խաչը:

Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և Տնտեսական լրագրողների ակումբին՝ Մեղրաձորում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ հենակետի ստեղծումը համահունչ է ՆԳՆ որդեգրած ռազմավարությանը, որի նպատակն է բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում և կրճատել արձագանքման ժամանակը։ ՆԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ նոր հենակետի բացումը ևս մեկ գործնական քայլ է Հայաստանում կամավորական մշակույթի զարգացման գործում։

Ելույթներ ունեցան նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, Կոտայքի մարզպետը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարն ու այլք։ Նշվեց, որ գործընթացի շարունակականությունը կնպաստի բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։

Միջոցառման ընթացքում Կամո Ցուցուլյանը կրծքանշաններ հանձնեց որակավորված կամավորներին:

Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը հենակետի կառուցմանն աջակցած մի խումբ անձանց հանձնեց շնորհակալագրեր՝ ծրագրի հաջող իրականացման համար։

Փրկարարի որակավորմանն արժանացած կամավորները վարժանք կատարեցին`ցուցադրելով մասնագիտական կարողություններն ու հմտությունները արտակարգ իրավիճակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

149