Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել են քննության ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Աշակերտներին տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ միևնույն թեմայի ու գաղափարի շրջանակում, և պետք էր գրել էսսե դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ըստ չափանիշների ու վերլուծական կարողությունների:

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել աշակերտներին և կոչ արել կենտրոնանալ և ազատորեն արտահայտել սեփական մտքերն ու վերլուծությունը թեմայի շուրջ։ Նա հատկանշական է համարել, որ այս քննության շրջանակում գնահատվելու են աշակերտների վերլուծական կարողությունները, ոչ թե սոսկ լեզվի իմացությունը։

Դիլիջանի թիվ 2 դպրոցում քննություն է հանձնել 67 աշակերտ. ընդհանուր առմամբ` դպրոցում սովորում է 670 աշակերտ։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտները 505-ն են. քննության մասնակցում էր 9-րդ դասարանի 62 աշակերտ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դպրոցներում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական և լաբորատոր հագեցվածությանը, քննարկել խնդիրները։ Նա հետաքրքրվել է՝ լաբորատորիաների ներդրմամբ պայմանավորված՝ երեխաների շրջանում կա՞ հետաքրքրության աճ բնագիտական առարկաների նկատմամբ, ի՞նչ ակտիվությամբ են աշակերտները մասնակցում մարզական միջոցառումներին, ի՞նչ հաջողություններ են գրանցել և այլն։ Ծանոթանալով դպրոցներում առկա խնդիրներին՝ նախարարը հանձնարարականներ է տվել դրանց լուծմանն ուղղված քայլերին համապատասխան ընթացք տալու վերաբերյալ։

Տավուշ այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը կանգառ է կատարել նաև Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության միջոցներով հիմնանորոգված շենքի պայմաններին և տարածքի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Նախարարն այցելել է նաև Ծովագյուղի երիտասարդական կենտրոն, որը շահագործվում է 2025 թ. ապրիլից։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է, թե ինչ ընթացիկ խնդիրներ կան և ինչ է արվում դրանց լուծման ուղղությամբ, ինչպիսի ծրագրեր են իրականացվում կենտրոնում, արդյոք դպրոցականներն ու երիտասարդներն ապահովում են ակտիվ մասնակցութրուն։ Կենտրոնի պատասխանատուի խոսքով՝ արդեն իսկ իրականացվել են տարաբնույթ ծրագրեր, առաջիկայում նախատեսվում է նաև նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես:

111