
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների գործընկերներ, ինչպես նաև բնապահպանական հարցերով հետաքրքրված երիտասարդներ Հայաստանի տարբեր համայնքներից։
Բացման արարողության ժամանակ նախարար Մաթևոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով բնապահպանական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Նա ընդգծել է երիտասարդության դերը ոչ միայն բնապահպանական քաղաքականությունների ձևավորման, այլև դրանց իրագործման գործընթացներում՝ որպես գաղափարների նորարար աղբյուր և փոփոխության շարժիչ ուժ։
Իր ելույթում նախարարը ներկայացրել է նաև COP17-ի ճանապարհային քարտեզը՝ որպես միջոցառման բանախոս։ Նա առանձնացրել է Հայաստանի դիրքորոշումը և տեսլականը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր՝ նշելով, որ Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի։ Ըստ նախարարի՝ գագաթնաժողովը պետք է դառնա վերաիմաստավորման փուլ մեր հարաբերության՝ բնության հետ, և բացի լոգիստիկ կամ կազմակերպչական պատասխանատվությունից, Հայաստանը ստանձնում է առաջնորդի դեր նաև բովանդակային ու գաղափարական մակարդակներում։
Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է անցում կատարել հատվածական մոտեցումներից դեպի ամբողջական ու ինտեգրված էկոհամակարգային լուծումներ՝ խթանելով համընդհանուր և ներառական կառավարում։
Տիկին Ժակոբն իր ելույթում կարևորել է COP17-ին արդյունավետ և բովանդակային նախապատրաստվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է հանդես գալ որպես առաջատար երկիր այս հարցում։
Գագաթնաժողովի շրջանակում նախարար Մաթևոսյանը մասնակցել է նաև թեմատիկ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով հանդիպումների, որի ընթացքում պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով COP17-ի օրակարգին, Հայաստանի առաջնահերթություններին և երիտասարդության ներգրավման ուղիներին։
Նախարարը հանդիպումներ է ունեցել նաև «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր թիմի և կազմակերպիչների հետ։ Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը՝ հատկապես՝ երիտասարդական հարթակների և բնապահպանական նորարարական նախագծերի համատեղ զարգացման ուղղությամբ։