Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 150 քմ մակերեսով հողատարածքը ձևական աճուրդի եղանակով 2012 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի ղեկավարի՝ Վ.Գ.-ի որդուն:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքի սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Արտաշատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 24-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը:

239