Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում պեռլիտի առաջին գործարանը հիմնադրվել է դեռևս 1961 թվականին Արագած գյուղում։ Խորհրդային տարիներին այն հանդիսանում էր ամբողջ միության պեռլիտի գլխավոր մատակարարը։ Հայկական արտադրանքը գնում էին Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բելգիան, Իտալիան, իսկ այսօր արդեն սպառման շուկան ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև Մերձավոր Արևելքը, ԱՄՆ-ն և եվրոպական բազմաթիվ երկրներ։

Բնական պեռլիտը հրաբխային ապակի է, որը փքեցման ժամանակ դառնում է խիստ թեթև, ծավալով մեծացող, և բացառիկ հատկություններով օժտված նյութ։ Հայաստանը հարուստ է պեռլիտով, և ունի մի շարք առանձնահատկություններ. հայկական պեռլիտը տարածաշրջանում եզակի է ոչ միայն իր որակական հատկանիշներով, այլև տեխնոլոգիական առավելություններով։

Օրինակ՝ եթե մյուս երկրներում պեռլիտը պահանջում է մոտ 1000°C ջերմաստիճան՝ փքեցման համար, ապա հայկական հումքը նույն արդյունքը տալիս է ընդամենը 700°C ջերմաստիճանում, ինչն արդեն իսկ զգալի էներգախնայողություն է։ Ավելին, հայկական պեռլիտը կարող է փքվել մինչև 16 անգամ, մինչդեռ մրցակից երկրներինը՝ ինչպիսիք են Թուրքիան, Հունաստանը, Վրաստանը՝ միայն 8-10 անգամ։

Որտե՞ղ է կիրառվում պեռլիտը, և ինչո՞ւ դա մեզ անհրաժեշտ է հենց հիմա:



Երևանի նման աղմկոտ ու շոգ քաղաքում պեռլիտը կարող է լինել իրական լուծում։ Այն ծառայում է որպես հիանալի ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ նյութ։ Բնակարաններում և գրասենյակներում այն ապահովում է լռություն ու ջերմաստիճանային հարմարավետություն՝ միաժամանակ թույլ տալով խնայել էներգիա։

Անգնահատելի է պեռլիտի դերը նաև գյուղատնտեսության բնագավառում: Այն նպաստում է հողի օդափոխությանը, պահպանում խոնավությունը, իսկ ամենակարևորը՝ նվազեցնում է քիմիկատների անհրաժեշտությունը։ Սա հնարավորություն է տալիս ստանալ ավելի մաքուր, առողջ և օրգանական բերք, ինչն այսօր կարևոր պահանջարկ ունի աշխարհում:

Պեռլիտը լիովին անվնաս է․ չի պարունակում տոքսիններ, չի աղտոտում շրջակա միջավայրը, վերամշակվում է և կարող է դառնալ «կանաչ» արդյունաբերության գրավականը:

Հայաստանը պեռլիտի մեծ պաշարներ ունի։ Եթե ներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, տեղական արտադրությունը զարգանա, իսկ բիզնեսն ու հասարակությունը տեղեկացված լինեն պեռլիտի հնարավորությունների մասին, ապա այն կարող է դառնալ մեր երկրի նոր արտահանման առաջատարն ու տնտեսության խթանիչը. վաճառելով ոչ միայն հումք, այլև վերամշակված, պատրաստի արտադրանք՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, նոր շահույթ:

704