Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ անցկացվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող վերահսկողության ուժեղացված միջոցառումների և ներգրավված գերատեսչությունների փոխգործակցության ծրագրի իրականացմանն առնչվող աշխատանքների մեկնարկային հանդիպումը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է գործընթացը, շեշտել պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, անդրադարձավ հարակից համայնքների սոցիալական խնդիրների համակարգված լուծումների անհրաժեշտությանը, ինչպես նաև կարևորեց սիգի կենսապաշարի պահպանությանն ուղղված արդյունավետ և համակարգված միջոցառումների իրականացումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2025 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2026 թ. փետրվարի 1-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն վերահսկողության ուժեղացված միջոցառումներ։
Սևանա լճում սիգի որսը թույլատրելի կլինի միայն 2026 թվականի համար սահմանվող արդյունագործական որսի չափաքանակների հաստատումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։