Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին ուսումնասիրությունների արդյունքում ՀԷՑ–ում հայտնաբերվել են մի շարք հավելագրումների և թերգրանցումների դեպքեր, որոնց հիմքով հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հենց այս խախտումներն էլ դարձել են ընկերությունը լիցենզիայից զրկելու պատճառներից մեկը։
Նրա խոսքով՝ այս տարվա պլանով ՀԾԿՀ-ն սահմանել է մինչև 7% թույլատրելի կորուստի շեմ։ Սակայն հաշվարկներով ստացվել են դրանից ցածր ցուցանիշներ, որոնք, ըստ Պետրոսյանի, անհամապատասխան էին իրականությանը, քանի որ այդ մակարդակի կորուստներով Հայաստանը հայտնվում էր աշխարհի առաջատար երկրների շարքում՝ Ֆրանսիայի, Դանիայի և Շվեդիայի կողքին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ դեպքերում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան թերգրանցվել է, իսկ արտադրողները ցանց մղել են ավելի շատ էլեկտրաէներգիա, քան հաշվարկվել և վճարվել է նրանց։
Բացի այդ, մեծածավալ հավելագրումներ են հայտնաբերվել պետական և համայնքային կառույցների հաշվիչների վրա, ինչի հետ կապված վերջին շրջանում եղել են կալանավորումներ։ Պետրոսյանը նշել է նաև երրորդ վտանգը՝ ստվերային էլեկտրաէներգետիկ շրջանառություն, որի արդյունքում հնարավոր են եղել «մոնետիզացիայի» ապօրինի գործարքներ։ Այս պահին նախաձեռնված է ավելի քան 15 քրեական վարույթ, ներառյալ՝ տեսուչի կալանավորումը, որը մեկ համայնքային ՀՈԱԿ-ի հաշվիչին կատարել էր ավելի քան 1 միլիոն դրամի հավելագրում։ Այս ամենը ոչ միայն արհեստականորեն նվազեցրել է տեխնիկական կորուստները՝ մոտեցնելով դրանք սահմանված 7%-ին, այլև առաջացրել է ստվերային շրջանառություն պետական և համայնքային հիմնարկների հաշվին։
Պետրոսյանի խոսքով՝ արդեն փաստացի բացահայտված հավելագրումները կազմում են մի քանի միլիոն կիլովատ/ժամ, որը միջին սակագնով (50 դրամ) գնահատվում է մի քանի տասնյակ միլիոն դրամի վնաս։