
Araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊԿ Ժողովրդական նվագարանների ֆակուլտետի թառի բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն կրթական ծրագրի մագիստրոս Սարգիս Սարգսյանն է։
Սարգիս, լինելելով Կոնսերվատորիայի շրջանավարտ՝ երաժիշտ, Դուք արմատականորեն փոխեցիք Ձեր մասնագիտական ուղղվածությունը։ Կասե՞ք, թե ինչով է պայմանավորված նման ընտրությունը։
Դեռևս դպրոցական տարիներից իմ հետաքրքրության ոլորտները բազմազան են եղել։ Հատկապես աշխարհագրության և պատմության հանդեպ հետաքրքրությունս ինձ դրդեց ստանալ քաղաքագետի մասնագիտություն, որի արդյունքում կարողացա ավելի խորքից բացահայտել պատմական իրադարձությունների և հասարակաքաղաքական փոփոխությունների տրամաբանությունը։
Կոնսերվատորիայի ուսանողի համար ՀՀ ՊԿԱ-ում ուսումնառության ընթացքը բա՞րդ է եղել, չէ՞ որ բոլորովին տարբեր ոլորտներ են։
Իհարկե բարդ է եղել, բայց անհաղթահարելի ոչինչ չկա։ Որքան էլ որ տարբեր ոլորտներ են, եթե փորձենք երաժշտությունն ու քաղաքագիտությունը դիտարկել մի երևակայական հարթության մեջ, ապա ճիշտ ընտրված երաժշտական ֆրազները և բազմաթիվ բառերից ընտրված մտքերը կարող են ռենտգենային ճառագայթների նման լինել։ Եթե ճիշտ ես օգտագործում՝ դրանք կարող են թափանցել ու՛ր ասես և տանել ու՛ր ասես։ Քաղաքագետի կարևորագույն հատկանիշներից մեկը՝ երևույթների միջև առկա կապը տեսնելն է, և ըստ այդմ ճիշտ վերլուծություններ, եզրահանգումներ ու գործողություններ իրականացնելը։ Իսկ երաժիշտի կարևոր հատկանիշ է ունկնդրին հասցնել հոգեկան և մտավոր ներդաշնակության։ Իհարկե, այս երկու երևույթների ճիշտ հակառակ ազդեցությունն էլ է հնարավոր, բայց չխոսենք դրա մասին․․․
Ինչու՞ նեղ մասնագիտացումն ընտրելիս նախապատվությունը տվեցիք հենց գլոբալ կառավարմանն ու տարածաշրջանային քաղաքականությանը։ Հատկապես ո՞ր առարկաների շրջանակներում եք հիմնարար գիտելիքներ ստացել։
Կարծում եմ, որ հանրային քաղաքականության ուսումնասիրման, դրա անվտանգ և արդյունավետ իրացման կարևոր նախապայման է տարածաշրջանային և գլոբալ քաղաքական զարգացումների համակողմանի ուսումնասիրումն ու իմացությունը։
Հիմնարար գիտելիքներ ստացել եմ բոլոր առարկաներից, բայց ուզում եմ առանձնացնել «Քաղաքական էլիտաներ և լիդերություն» ու «Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը» թեմաներով դասընթացները։
Ըստ Ձեզ՝ քաղաքական վերլուծաբանն անաչառ հետազոտություն կատարելու համար ի՞նչ առաջնահերթ որակների պետք է տիրապետի։
Շատ կարևոր է օբյեկտիվ և փաստարկված վերլուծությունների իրականացումը։ Քաղաքագետը ինչպիսի վերլուծություններ էլ որ կատարի՝ դրանց վերջնական նպատակը պետք է ուղղված լինի հանրային և պետական շահի պաշտպանությանը։
Ի՞նչ եք կարծում. Հայաստանն այդքան շատ քաղաքական վերլուծաբանների կարիք ունի՞։ ԵՊՀ քաղաքագիտության բաժին տարեկան միջինը 60 դիմորդ է ընդունվում։ Նման ցուցանիշը նորմա՞լ եք համարում։
Կարծում եմ՝ բոլորն էլ իրավունք ունեն կրթություն ստանալու, բայց հանրային կարծիքի ձևավորման գործում, և հասարակաքաղաքական գործընթացներում առաջնային դեր պետք է ունենան առավել մրցունակներն ու արժանիները։
Քաղաքագետը նախևառաջ ո՞ր տեսաբաններին պետք է հավուր պատշաճի ուսումնասիրի։
Ինչպես յուրաքանչյուր գիտական ոլորտում, այնպես էլ քաղաքական գիտությունում կան տեսաբաններ, որոնց աշխատանքները քաղաքագետը պետք է ուսումնասիրի։ Այդպիսիք իհարկե շատ են, բայց ես կնշեմ մի քանիսին, օրինակ՝ Մ․Վեբեր, Ս․Հանթինգթոն, Լ․Պայ, Ժ․Նայ և իհարկե հայ գիտնականներին՝ Մ․Մարգարյան, Հ․Քոթանջյան, Ա․Ենգոյան և այլք։
ՀՀ ՊԿԱ-ի Ձեր կուրսում բազային քաղաքագետները մե՞ծ թիվ էին կազմում։ Հատկապես ո՞ր մասնագիտացումն ստացած ուսանողներն էին ավելի մեծ թիվ կազմում կուրսում։
Համակուրսեցիներիս մեծամասնությունը քաղաքագետներ էին, բայց այլ մասնագետներ էլ կային՝ ժուռնալիստներ, լեզվաբաններ, արևելագետներ։
Մի փոքր կխոսե՞ք մագիստրոսական թեզի թեմայի ընտրության ու եզրակացությունների արձանագրման ընթացքի մասին։
Մագիստրոսական թեզիս՝ «Կառավարող ընտրանին որպես ՀՀ քաղաքական փոփոխությունների պատասխանատու» թեմայի ընտրությունն ուղղված էր ուսոմնասիրելու 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» և միչ օրս շարունակվող քաղաքական փոփոխությունների գործընթացները։
Թեզի պաշտպանությունը տեղի ունեցավ առցանց տարբերակով, որը իհարկե ցանկալի չէր,բայց հակահամաճարակային կանոնների պահպանման համար այդպես էր անհրաժեշտ։
Պետական ո՞ր գերատեսչություններում եք անցել կառավարչական ու գիտահետազոտական պրակտիկաները։ Արդյունավե՞տ են եղել դրանք արդյոք։
Կառավարչական պրակտիկաս անցել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, իսկ գիտահետազոտական պրակտիկան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմում։ Երկու գերատեսչություններում էլ շատ օգտակար և ուսանելի պրակտիկա եմ անցել։ Մի բան է կարդալ և ինֆորմացիա ունենալ դրանց գործունեության մասին, այլ բան է գործնականում առնչվել պետական կառավարման իրականացման գործընթացներին։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ ՀՀ ՊԿԱ-ի աշխատակազմին, և՛ վերոնշյալ գերատեսչությունների աշխատակիցներին՝ պրակտիկայի կազմակերպման և անցկացման համար։
Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա մագիստրանտներին։
ՀՀ ՊԿԱ հատկապես քաղաքագետ մագիստրանտներին խորհուրդ կտամ լինել կենսուրախ, մրցունակ և պատրաստակամ՝ սովորելու, զարգացնելու սեփական գիտելիքներն ու հմտությունները։
Օլյա Շահինյան