Հայաստանում հանքարդյունահանման իրականացմանն առնչվող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք: Ընդ որում՝ ես այս մասին հարց եմ ուղղել այն ժամանակ, երբ քննարկվում էր այս հանձնաժողովը ստեղծելու հարցը»,- ասաց Թունյանը «Մեզ հավաստիացրել են, որ ունենք այնպիսի մասնագետներ, որոնք պատրաստ են անվճար աշխատել և իրենց եզրակացությունները ներկայացնել: Ցավոք, հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ես ինքս նման որևէ մասնագետի չտեսա: Ես տեսել եմ միայն բնապահպան ակտիվիստների, որոնք գալիս էին, խոսում էին ընդգծված մեկ թեմայի շուրջ, որից հետո այդ մեկ թեման դառնում էր հիմնականում լուսաբանման առարկա: Հաշվեքննիչ պալատին ուղարարկվել է հարցում, որ իրենց մասնագետները ներգրավվեն. իրենք բնականաբար մերժել են: ՊԵԿ-ի հետ կապված ես ինքս պարոն Անանյանին չեմ խնդրել, որ գա, որովհետև ինձ նախ և առաջ ավելի շատ հետաքրքրում էր լսել ոչ թե ՊԵԿ-ին, այլ, օրինակ, էդտեղ ընդգրկված որոշ հանքարդյունաբերական ընկերությունների տնօրեններին: Ինձ հետաքրքիր էր իմանալ՝ եթե խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, որը վնասով է աշխատում, բայց տարեկան մի քանի միլիարդ դրամ գումար է ուղղում բարեգործական ծրագրերին, դրանք ինչ բարեգործական ծրագրեր են: Ցավոք, այդ հնարավորությունը չունեցանք»,- ասաց Թունյանը՝ շեշտելով, որ եղած փաստաթղթերն էլ բավարար էին, որ որոշ եզրակացություններ արվեին:

 

358