Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի առաջին օրը իրեն դուրս են բերել վարչական համալիրի փլատակներից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածից հետո, որի հետևանքով, նրա խոսքով, զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Արաղչին նշել է, որ ողջ է մնացել՝ անվտանգության նկատառումներով Թեհրանում անընդհատ ավտոմեքենայով տեղաշարժվելու շնորհիվ, գրում է The Guardian-ը։

Նա ասել է, որ չի հանդիպել երկրի նոր առաջնորդի՝ Խամենեիի որդու՝ Մոջթաբայի հետ, սակայն նշել է, որ իր նշանակումը «շատ կարևոր ազդանշան է աշխարհին, որ իշխանության քաղաքականությունն ու իդեալները կշարունակվեն»:

Արաղչին շեշտել է, որ Իրանը նույնիսկ հաջողության փոքր հավանականության դեպքում անհրաժեշտ է համարել շարունակել Վաշինգտոնի հետ բանակցությունները, որպեսզի աշխարհին ցույց տա՝ նախընտրում է ճգնաժամի դիվանագիտական լուծումը։ «Ոչ ոք չի կարող ասել, որ պատերազմը մեր մեղքով է սկսվել», -ընդգծել է նա։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը մինչև ռազմական գործողությունների մեկնարկը ԱՄՆ-ին ներկայացրել էր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի առաջարկ, սակայն Վաշինգտոնի դիրքորոշումը կտրուկ փոխվել էր։ Նրա խոսքով՝ առաջին հարվածները հասցվել են այն պահին, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցություն էին անցկացնում, ինչը, ըստ Արաղչիի, վկայում է անվտանգության համակարգում հնարավոր լուրջ բացերի մասին։

234