Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկվանից ֆեյսբուքյան օգտատերի կողմից տարբեր խմբերում տարածվում է նախարար Անահիտ Ավանեսյանի` Ծավի խմելու ջրի թեմայով գրառումից կիսատ, կոնտեքստից կտրված մի հատված, որը թյուրըմբռնման տեղիք է տալիս:

 

«Տպավորություն է ստեղծվում` կարծես նախարարը կոչ է անում բոլոր բնակիչներին ծորակից ջուր չօգտագործել. մինչդեռ նախարարի հորդորը վերաբերում է միմիայն Ծավ գյուղի բնակիչներին:

Նախարարի նկարն ու գրառումից կտրված հատվածն օգտագործելով ու ապատեղեկատվություն տարածելով` անհարկի անհանգստություն եք առաջացնում բնակչության շրջանում:

Խնդրում եմ ուշադիր եղեք, թե ինչ եք տարածում և ստուգեք պաշտոնական աղբյուրը»,- ասվումէ  գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով:

ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:

180