Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ իրավապահ և ուժային կառույցների միջև կազմակերպվել է շախմատի առաջնություն, որին մասնակցել են Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի թիմերը։

Իրավապահ և ուժային կառույցների միջև մարզական փոխգործակցության առողջ մթնոլորտ ձևավորելուն ուղղված շախմատի առաջնության ամփոփիչ արարողությանը մասնակցել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին, վստահեցրել է, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս տարբեր կառույցների ներկայացուցիչներին հանդիպել ոչ միայն ծառայողական հարաբերությունների շրջանակում, այլև շփվել գործընկերային միջավայրում, ավելի լավ ճանաչել միմյանց և ամրապնդել փոխադարձ վստահությունը: Ընդգծելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի համար հատկապես կարևոր է գործընկեր կառույցների հետ արդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը, Արթուր Նահապետյանը հույս է հայտնել, որ շախմատի տախտակի շուրջ ձևավորված առողջ մրցակցությունը ծառայության մեջ կվերածվի ամուր գործընկերության և միասնական աշխատանքի:

Միջոցառման ավարտին Կոմիտեի նախագահը հավաստագրեր և պատվոգրեր է հանձնել մրցանակային տեղեր գրաված և լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին:

ՀՀ իրավապահ և ուժային մարմինների միջև անցկացված շախմատի մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության թիմը, 2-րդ տեղը՝ Ներքին գործերի նախարարության թիմը, 3-րդ տեղը զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվել են հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով։

Շախմատի մրցաշարի առաջին, երկրորդ և երրորդ խաղատախտակների լավագույն արդյունքներ գրանցելու համար պատվոգրերի են արժանացել Պաշտպանության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի թիմերի մասնակիցները:

Շախմատի առաջնությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և Արաբկիրի շախմատի դպրոցի աջակցությամբ։

114