Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը 35 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր է կնքել OPEC Միջազգային զարգացման հիմնադրամի հետ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Ֆինանսավորումը բաղկացած է OPEC-ի սեփական միջոցներից տրամադրվող 20 միլիոն ԱՄՆ դոլարի A-վարկից և 15 միլիոն ԱՄՆ դոլարի B-վարկից, որը տրամադրվել է Allianz Global Investors-ի կողմից կառավարվող Allianz Credit Emerging Markets Fund-ի կողմից։ ՄՓՄՁ-ներին աջակցությունից բացի OPEC Հիմնադրամի A-վարկը կարող է ուղղվել նաև կլիմայական համապատասխան նախագծերի ֆինանսավորմանը։

Սինդիկացված վարկային պայմանագրի ստորագրումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է երկու կարևոր իրադարձությունների՝ OPEC Հիմնադրամի 50-ամյա հոբելյանի և Հայէկոնոմբանկի 35-ամյակի հետ։

«Վերջին տարիների Հայաստանի բարձր տնտեսական աճը խթանում է ֆինանսավորման պահանջարկը, և OPEC Հիմնադրամի այս վերջին վարկը կարևոր ներդրում է այս կենսական մատակարարումը պահպանելու գործում։ Նոր ֆինանսական ռեսուրսները կնպաստեն հետագա տնտեսական ընդլայնմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու նոր հնարավորությունների ապահովմանը։ Կենտրոնանալով միկրո և փոքր ձեռնարկությունների վրա՝ մենք հզորացնում ենք ազգային տնտեսության այն կարևոր հատվածը, որտեղ ֆինանսների հասանելիությունը հաճախ խոչընդոտ է հանդիսանում հետագա աճի համար», - նշել է OPEC Հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆան։

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանն ասել է․ «Մենք բարձր ենք գնահատում OPEC Հիմնադրամի շարունակական աջակցությունը Հայէկոնոմբանկին։ Վիեննայում OPEC Fund 2026 Development Forum-ին մեր մասնակցությունից հետո հպարտ ենք տեսնել, որ ռազմավարական քննարկումները վերածվում են Հայաստանի համար շոշափելի տնտեսական արդյունքների։ Այս միջոցները հնարավորություն կտան մեր ՄՓՄՁ հաճախորդներին ընդլայնվել և աճել՝ խթանելով Հայաստանի կայուն տնտեսական զարգացումը։ Այս նշանակալից պայմանագիրը փաստում է Հայէկոնոմբանկի նկատմամբ OPEC Հիմնադրամի և Allianz Global Investors-ի վստահության մասին, և մենք ակնկալում ենք ամրապնդել այս ռազմավարական գործընկերությունը»։

Allianz Global Investors-ը ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է, որն ունի ավելի քան 700 ներդրումային մասնագետ աշխարհի 22 գրասենյակներում և կառավարում է 653 միլիարդ եվրոյի ակտիվներ։

OPEC Միջազգային զարգացման հիմնադրամի մասին

OPEC Միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC Fund) համաշխարհային մասշտաբով միակ լիազորված զարգացման հաստատությունն է, որը ֆինանսական միջոցներ է տրամադրում բացառապես անդամ երկրներից ոչ անդամ երկրներին։ Այն հիմնադրվել է 1976 թվականին հստակ նպատակով՝ խթանել զարգացումը, ամրապնդել համայնքները և աջակցել մարդկանց ամբողջ աշխարհում։ Մինչ օրս OPEC Հիմնադրամն ավելի քան 32 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել ավելի քան 125 երկրներում զարգացման նախագծերի իրականացման համար։

148