Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է գրանցվել Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածության շնորհիվ։

«Ի տարբերություն աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ այլ հակամարտությունների՝ այստեղ առկա էին գործարքի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից մենք ունեինք ղեկավարներ, որոնք չափազանց պրագմատիկ էին ու հասուն, և գիտակցում էին, որ խաղաղության պայմանագիրը լավագույն լուծումն է երկարատև հակամարտության համար։ Եվ, որ ամենակարևորն է, մենք ունեինք նախագահ Թրամփին, որը լիակատար աջակցություն էր ցուցաբերում այս գործընթացին։

Նախագահն ասաց՝ դարձրեք սա առաջնահերթություն։ Եվ գործընթացն արդյունավետ դարձավ, քանի որ նախագահ Թրամփն իսկապես կենտրոնացավ դրա վրա։ Նախագահը հասանելի էր մեզ ցանկացած պահի, երբ դրա կարիքը կար։ Եվ ես նկատի չունեմ հաղորդակցությունը նրա աշխատակազմի որևէ աշխատակցի միջոցով. խոսքը Օվալաձև աշխատասենյակ ուղղակիորեն մտնելու և հակամարտության լուծման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ նրա ցուցումները ստանալու մասին է»,- ասել է Ուիթքոֆը Նյու Յորքում՝ «Խաղաղության խորհրդի» (Board of Peace) կազմակերպած միջոցառման ժամանակ։

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Սթիվ Ուիթքոֆը նշել է. «Վստահ չեմ, որ շատերը լիովին գիտակցում էին դրա նշանակությունը, երբ մենք նոր էինք սկսում աշխատել դրա վրա»։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը միտված է «համաշխարհային առևտրային ուղիների նեղ հատվածների թողունակության մեծացմանը»։

«Երբ մենք ներկայացրեցինք այն Հայաստանին, կարծում եմ՝ հայկական կողմը գնահատեց իրավիճակն ու, ըստ էության, ինքն իրեն ասաց. «Սա հսկայական և խոր ազդեցություն կունենա մեր երկրի ապագայի վրա»,- նշել է Ուիթքոֆը։

77