Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զեկույցը պատրաստվել է համաձայն Կառավարության ծրագրի, որտեղ համապատասխան կետեր կան, և պատրաստվել է իմ հանձնարարությամբ, բայց, այնուամենայնիվ, զեկույցի նախագծին ծանոթանալով՝ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի։

Եթե մի նախադասությամբ ամփոփելու լինենք զեկույցը, ինչի՞ մասին է այն կամ ի՞նչ է ապացուցում։ Այն ապացուցում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր և աշխարհիկ անձանց կողմից։

Սրանում համոզվելու համար պարզապես ընթերցեք զեկույցը, ընթերցեք և համոզվեք։ Իսկ այս թեմային մենք դեռ կվերադառնանք»,- նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Կառավարությունից տեղեկացրել են, որ զեկույցի պատրաստումը բխում է Կառավարության 2026-2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։ Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։ Դրանց թվում են՝ կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը, հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները, ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը, ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը, Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը, Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը, պառակտումները Սփյուռքի թեմերում։

82