Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը» հաստատելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանում երեխաների որդեգրման գործընթացն այսուհետ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և կբխի երեխայի լավագույն շահերից։

Ըստ այդմ, կստեղծվի մեկ միասնական շտեմարան, որտեղ կներառվեն ինչպես որդեգրման ենթակա երեխաների, այնպես էլ երեխա որդեգրել ցանկացող անձանց տվյալները։

 Երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացը կիրականացվի երկու փուլով։ Համադրման տեխնիկական փուլը կկազմակերպվի մարզպետերի աշխատակազմերի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև: Մասնագիտական փուլը կիրականացնի աշխատակազմին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը։

Որոշմամբ կվերանայվի նաև որդեգրման համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը, ինչպես նաև կսահմանվեն գործընթացի գաղտնիքի վերաբերյալ կարգավորումներ։ Կամրագրվի նաև որդեգրման վերահսկողության կարգը, որը կիրականացվի մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից։

 Որոշումը ուժի մեջ կմտնի 2028 թ․ հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թ․ հունվարի 1-ից՝ ՀՀ ամբողջ տարածքում։

142