Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պուտինն ու Թրամփը Շենժենում հանդիպել են․ բանակցությունները տևել են մեկ ժամից պակաս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում տևել է մեկ ժամից պակաս։ Հանդիպումից հետո առաջնորդները համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Հանդիպումից առաջ Թրամփը դահլիճ է մտել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ուղեկցությամբ։

Տեսնելով Պուտինին՝ Թրամփը ժպտացել է, մատնացույց արել նրան և ասել․ «Ո՞վ է նա։ Նա իմ ընկերն է»։ Այնուհետև ԱՄՆ նախագահը սեղմել է ՌԴ նախագահի ձեռքը։

Հանդիպման բաց հատվածում Պուտինն ու Թրամփը փոխանակվել են ձեռքսեղմումով և կարճ արտահայտություններով։ Սա նրանց առաջին հանդիպումն է 2025 թվականի օգոստոսին Ալյասկայի Անքորիջ քաղաքում կայացած գագաթնաժողովից հետո։

Թրամփը, մինչ հանդիպումը, հայտարարել է, որ Պուտինի հետ երկար տարիներ լավ հարաբերություններ ունի և հույս է հայտնել, որ բանակցությունները դրական արդյունքներ կունենան։ Նա նաև նշել է, որ անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը։

Բանակցությունները կայացել են Շենժենի միջազգային փոխանակումների կենտրոնում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի լիագումար նիստից հետո։

Ռուսական պատվիրակության կազմում են եղել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

 

 

94