Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հստակ մատնանշել է, թե որն է միջուկային գործարքի իրենց պարտականություններին վերադառնալու պայմանը:

 

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում պայմաններ թելադրող կողմը Իրանն է, քանի որ կատարել է իր բոլոր պարտականությունները և ոչ թե Ամերիկան և երեք եվրոպական երկրները, որոնք խախտել են իրենց պարտավորվածությունները», - Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը:

 

«Եթե նրանք ցանկանում են, որ Իրանը վերադառնա իր պարտականություններին, ԱՄՆ-ն պետք է առաջինը վերացնի իր բոլոր պատժամիջոցները»,- ասել է Խամենեին իրանական օդային ուժերի հրամանատարների հետ հանդիպմանը:

 

Նրա խոսքով՝ դա է Իրանի վճռական քաղաքականությունը, որին համաձայնել են բոլոր պաշտոնյաները, և որից Թեհրանը չի հրաժարվի:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 2015 թվականին կնքված իրանական միջուկային գործարքից դուրս է եկել 2018 թվականի մայիսին:

1134