AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Գևորգյանն է:

 

 

Մարիամ, բարձրագույն կրթություն ստանալու հարցում ինչպե՞ս նախապատվությունը Հայ-ռուսական համալսարանին տվեցիք:

Դեռ այն ժամանակ, երբ ես ապրում էի Մոսկվայում, եղբորս ընկերոջից լսեցի Հայ-ռուսական համալսարանի մասին: Նա ՀՌՀ-ի ուսանող էր և շատ էր գովում համալսարանը: Այդ ժամանակվանից ես սկսեցի մտածել Երևանում բարձրագույն կրթություն ստանալու մասին: Հետո սկսեցի ընտրել Մոսկվայի պետական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի և Հայ-ռուսական համալսարանի միջև, և իմ ընտրությունը եղավ ՀՌՀ-ն, որովհետև եթե տարբեր սոցիալական ցանցերում մտնեք մեր համալսարանի էջերը, կզգաք մթնոլորտն ու սերը, որոնք տիրում են այնտեղ: Արդեն երեքուկես տարի է, ինչ սովորում եմ Սլավոնական համալսարանում և  դեռ երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ հենց ՀՌՀ-ն:

 

ՀՌՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ի՞նչ հիմնարար առարկաներ եք ուսումնասիրել:

Իրականում ՀՌՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելը շատ հետաքրքիր է: Հիմնական առարկաներից եղել են լրագրության թեորիան, ռուսական, հայկական և արտասահմանյան լրագրության պատմությունը ու շատ այլ հետաքրքիր առարկաներ, որոնց հիմնական մասը անցել ենք ինչպես պրակտիկ դասեր:

 

Մի փոքր կխոսե՞ք ՀՌՀ-ում արտադրական պրակտիկայի կազմակերպման գործընթացից:

Պրակտիկա մենք սկսել ենք անցնել դեռ առաջին կուրսից: Մինչ այսօր ունեցել ենք արդեն 5 պրակտիկ առարկա, որոնց մեջ մտնում են ռադիոժուռնալիստիկան, կոնվերգենտ ժուռնալիստիկան, հեռուստաժուռնալիստիկան և այլն: Կորոնավիրուսի պատճառով մենք բաց թողեցինք շատ պրակտիկ առարկաներ:

 

 

Ո՞ր թեմաների շուրջ եք գրել Ձեր կուրսային աշխատանքները: Աշխատանքներն ավարտելիս՝ ի՞նչ հիմնարար եզրակացությունների եք եկել:

Քանի որ Հայ-ռուսական համալսարանում կուրսային աշխատանքներ գրելը սկսում են արդեն 2-րդ կուրսից, այս տարի ես գրելու եմ իմ երկրորդ կուրսային աշխատանքը: Առաջին կուրսային աշխատանքիս թեման է «Հայաստանում առողջապահության ոլորտի բարեփոխումների լուսաբանումը 2019-2020 թթ.»: Հիմնական եզրակացությունը, որին ես եկա, այն էր, որ լրագրության մեջ անպայման պիտի լինեն ոլորտային լրագրող-մասնագետներ: Ուսումնասիրելով առողջապահական ոլորտը և նրա լուսաբանումը՝ ես շատ նրբություններ տեսա ու հասկացա: Իրականում կարող եմ ասել, որ այդ ոլորտի մասին գրելու համար պիտի լինեն, նախ, շատ տեղեկացված, և երկրորդը՝ շատ զգույշ ու ուշադիր:
Երրորդ կուրսի կուրսայինիս թեման է՝  «Հայոց բանակի կերպարը (պետության համար ու ԶԼՄ-ներում)»:

Ի՞նչ լեզուներ եք ուսումնասիրել ՀՌՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Չնայած նրան, որ սովորում եմ ՀՌՀ-ի ռուսական բաժնում, 2 տարի մենք անցել ենք խորացված ռուսաց լեզու կամ ռուսաց լեզվի հիմունքներ: Նաև անցել ենք հայոց լեզու և անգլերեն:

 

Ինչպիսի՞ն է ՀՌՀ-ում ուսանողական կյանքը:

ՀՌՀ-ի ուսանողական կյանքից ես կարող եմ անվերջ խոսել: Նախ պիտի ասեմ, որ մեր ռեկտոր Արմեն Դարբինյանը, համալսարանի ամբողջ աշխատակազմը և ուսանողությունը՝  Հայ-ռուսական համալսարանը անվանում են աշխարհի ամենալավ համալսարան, իսկ համալսարանի ուսանողությանը՝ աշխարհի ամենալավ համլասարանի ամենալավ ուսանողներ:
Մեր համալսարանի հիմքում դրված են շատ կարևոր արժեքներ՝ սեր, ակադեմիական ազատություն, արդարություն և այլն: Ուսանողական կյանքը համալսարանում շատ հետաքրքիր է: Մեզ մոտ ամեն տարի անցկացվում են սպարտակիադաներ, տարբեր մրցույթներ, տաղանդների շոուներ, սպորտային մրցումներ, քվեստներ: Էլ չեմ ասում ՀՌՀ-ի թատրոնի մասին, որը համալսարանի հպարտություններից է: Մեր թատրոնում խաղում են հիմնականում ՀՌՀ-ի ուսանողները, բայց ունենք նաև ուրիշ համալսարաններից ուսանողներ: Թատերախումբը շրջում է աշխարհով մեկ և ուրախացնում ոչ միայն հայ հանդիսատեսին: Եվ իհարկե մեր ուսանողները սիրում են միասին մեկնել Հայաստանի տարբեր վայրեր, զբոսնել ու միասին ուրախանալ:

 

 

Ի՞նչ առանցքային հմտություններ եք ձեռք բերում ՀՌՀ-ում, որոնք ապագա լրագրողին օգնում են աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում:

Ինչպես արդեն ասացի, մեր ֆակուլտետում սովորելու ընթացքում մենք անցնում ենք շատ պրակտիկ առարկաներ, ինչի հիմնական դրական կողմն իհարկե փորձն է: ՀՌՀ-ն այն քիչ համալսարաններից է, որն ավարտելուց հետո, եթե նույնիսկ երբեք չեք աշխատել ձեր մասնագիտությամբ, դուք ունենում եք ամբողջական գործի կազմակերպման պատկերացում ու տիրապետում եք շատուշատ հմտությունների:

 

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք այն դիմորդներին, որոնք ուզում են ՀՌՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմել:

Նախ կասեմ, որ, ընտրելով Հայ-ռուսական համալսարանը, դուք ընտրում եք Հայաստանի լավագույն համալսարանը ու երբեք չեք ափսոսա ձեր ընտրության համար: Եվ իհարկե շատ կարդացեք: Լավ լրագրող լինելու համար դուք պիտի միշտ ծանոթ լինեք լրահոսին: Բացի դրանից, պետք է իմանալ լեզուներ, ծանոթ լինել պատմությանը և գրականությանը: Մի խոսքով՝ լինել բազմակողմանի զարգացած և տեղեկացված:

 

 

Ո՞ր ուղղությամբ եք նախատեսում շարունակել մագիստրատուրան:

Կա շատ հետաքրքիր մագիստրոսական ծրագիր՝ Մեդիահաղորդակցություններ միջազգային հարաբերություններում, կարծում եմ, որ ապագայում կշարունակեմ գրել և կխորանամ արտաքին քաղաքականության մեջ:

Օլյա Շահինյան

 

 

 

36811